Մենք ապրում ենք տգիտության ոսկե դարում

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, գիտության պատմաբան Ռոբերտ Պրոկտորը (Robert Proctor) տգիտությունը որպես հանրային երևույթ բնութագրելու նպատակով օգտագործել է «ագնոտոլոգիա» եզրույթը, որը գիտական շրջանառության մեջ է դրել իռլանդացի պատմաբան Իայն Բոուլը (Iain Boal): Ագնոտոլոգիան ուսումնասիրում է կասկածից կամ ապատեղեկատվությունից բխող տգիտությունը։ 2016թ., անդրադառնալով այդ երևույթի գլոբալ տարածմանը, ամերիկացի գիտնականը նշել էր, որ «մենք ապրում ենք տգիտության ոսկե դարում»։ Բնութագրելով այդ ֆենոմենը՝ նա մատնանշել է երեք հանգամանք։

Առաջինը՝ շեղում (անգլերեն՝ distraction): Մարդիկ հակված են ժամերով սպառել այն ամենը, ինչ այսօր կոչվում է «լուր»՝ շեղվելով կամ խուսափելով դրա խորքային բովանդակությունից։ Ըստ Ռ. Պրոկտորի, նման «լուրերը» շեղում են շատ մարդկանց ուշադրությունն իրականում կարևոր և բովանդակալից տեղեկատվությունից:

Որպես տգիտության երկրորդ տարր՝ նա նշել է քաղաքական տոհմականությունը (անգլերեն՝ political tribalism)։ Դրա հետևանքով խիստ բևեռացված հասարակություններում յուրաքանչյուր հայտարարություն վեր է ածվում զենքի. մարդիկ բախվելով ցանկացած մտքի հետ, որը վիճարկում է իրենց ինքնությունը կամ համոզմունքները, ընդունում են դա թշնամաբար և հակված են այն անմիջապես հերքել: Քաղաքական տոհմականությունը ստիպում է այդ հակամշակույթի կրողներին սկզբնապես մերժելու ցանկացած միտք, որը բացասական լույսի ներքո է ներկայացնում իր «ցեղին» կամ «ցեղակիցներին»:

Այս երկու տարրերի համադրությունը, ըստ Ռ. Պրոկտորի, ծնում է տգիտության երրորդ բաղադրիչը՝ դավադրության տեսությունը։ Վերջինիս հետևորդները, անտեսելով բանականությունը, հակված են «մտածել» բացառապես այդ «տեսության» կատեգորիաներով։ Դա, վերջիվերջո, զրկում է իրենց պատճառահետևանքային կապերն ընկալելու և վերլուծելու ունակությունից և մղում սեփական անհաջողությունների և սխալների համար մեղավորների անպտուղ որոնումների։

Կարդացեք նաև

Ամերիկյան գիտնականի ներկայացրած կոնցեպտի դրսևորումները տեսանելի են իրականության մեջ։ Թեև դժվար է գնահատել մարդկանց կողմից փաստերի անտեսման աստիճանը, բայց առավել կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է մեր մեջ ռացիոնալիզմի մերժումը հասել նման սարսափելի մասշտաբի։

Սովորական է դարձել այն, որ հասարակությանը հուզող հարցերի պատասխանների մի զգալի մասը ներկայացվում է կեղծ գաղափարական և իռացիոնալ հարթության վրա։ Տեղեկատվությունն ավելի ու ավելի է փոխարինվում քարոզչությամբ, իսկ զոռբայությունը, ինքնավստահ կեցվածքը, անհիմն մեղադրանքները կամ փաստերի նույնքան անհիմն հերքումը դառնում են քննարկումների հիմնական ձևաչափ։ Իրականության աղավաղված ընկալումն արմատավորվում է, եթե հանրային կառույցները ներգրավվում կամ խրախուսում են «ֆեյքերի» ինդուստրիայի զարգացմանը։

Լրահոսի մեծ բաժին են շարունակում կազմել զանազան մտադրությունների և «ծրագրերի» մասին այնպիսի հաղորդագրություններ, որոնք ունենալով իրագործման ցածր հավանականություն, ներկայացվում են՝ որպես ապագայի տեսլական և նույնիսկ երկրի բարգավաճման ուղի։

Գռեհկացման միտումը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Բարդ իրադարձություններն ու խնդիրները «վերլուծող» «փորձագետների» բանակը լրատվական տարածքում արտադրում ու տարածում է իրականության հետ քիչ առնչություն ունեցող հարյուրավոր մեգաբայթ տեղեկատվություն: Այս ամենը ռեզոնանսում է բոլոր նրանց գլուխներում, ով չի ցանկանում ընդունել այն ցավոտ փաստը, որ մեր երկիրը նման նվաստացուցիչ վիճակում հայտնվել է սեփական սխալների և ոչ թե՝ դավադրության արդյունքում:

Պարզունակ լուծումների միջոցով բարդ հանրային խնդիրների լուծման հակամշակույթի ամրապնդմանը հատկապես նպաստում է կրթության որակի շարունակական անկումը։ Գիտակրթական բնագավառում տարիներով կուտակված խնդիրների լուծումները հաճախ փորձ է արվում հանգեցնել պարզ, մեխանիկական, թեև չափազանց ծախսատար այնպիսի քայլերի, ինչպիսին է, օրինակ, «գիտական քաղաքների» հիմնադրումը։ Ակադեմիական կոչումները և գիտական ​​աստիճանները շարունակում են մնալ Հայաստանի կառավարիչների կարևոր աքսեսուարները։ Սա, մասնավորապես, վերաբերում է հասարակագիտությանը, տնտեսագիտությանը, քաղաքագիտությանը, միջազգայնագիտությանը: Թե ո՞րն է այս բնագավառներում վերջին տասնամյակներին կուտակված գիտական մտքի ազդեցությունը երկրի առջև ծառացած բազմաբնույթ և բարդ խնդիրների լուծման գործում, մնում է գուշակել։

Ակնհայտ է, որ խորքային երևույթներից կտրվածությունը դյուրացնում է որևէ մտքի և գաղափարի ընկալում։ Բայց երբ նման պրակտիկան արմատավորվում է հասարակական կյանքում և հնարավոր դարձնում ցանկացած «բարեփոխում», դա տկարացնում է մարդկանց հանրային գործունեությունը կազմակերպելու և իրական քաղաքականությամբ զբաղվելու ունակությունը։ Մակերեսային մտահղացումներով գործելու մոլուցքը մարդուն դարձնում է ապուշ, իսկ մոլեռանդի անսահման ցնորամտությունը՝ վերածում հասարակական չարիքի։ Դժվար է ակնկալել հասարակության մասնակցությունն առողջ ու մրցունակ նպատակների մշակմանը և դրանց իրականացմանը, եթե ազգը վերածվի տգիտացման թիրախի։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն խորհրդի ժող. պատգամավոր (1990-1995), ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999), ՀՀ արտաքին գործերի փոխնախարար (1999-2003),
Արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս