Կանի՞, թե՞ չի անի Արսեն Թորոսյանը. պատմելու բան, թերևս, շատ ունի

Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննության շրջանակներում ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Վարույթի շրջանակներում թեպետ ձերբակալվել էր 11 անձ, սակայն միայն նրանցից 3-ի առնչությամբ էր Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան:

Այսօր հայտնի դարձավ, որ վարույթի շրջանակներում կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը: «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը:

Գևորգ Սիմոնյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ քննվում է, և որոշում կլինի ավելի ուշ: Ի դեպ, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության ղեկավարն Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, նրա համակուրսեցին՝ Արտակ Մանուկյանը, և ակնհայտ է, որ սա պրոցես է կոնկրետ Արսեն Թորոսյանի դեմ:

Արսեն Թորոսյանն ինքն էլ դա շատ լավ հասկանում է, և դրա ապացույցը այսօր նրա կատարած ֆեյսբուքյան հրապարակումն էր:

Կարդացեք նաև

Գրառման բովանդակությունից ակնհայտ էր՝ Արսեն Թորոսյանը հասկանում է, որ իր շուրջ օղակը գնալով սեղմվում է, և իր գրառման մեջ բացահայտորեն Հակակոռուպցիոն կոմիտեին մեղադրում էր՝ «գործ կարելու», իսկ Դատախազությանն էլ՝ դրա դեմը չառնելու մեջ:

Բայց նրա գրառման մեջ ամենաուշագրավը հետևյալ հատվածն էր.

«Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող»:

Արսեն Թորոսյանը, ով ուրախությամբ ընդունել է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու որոշումը, ով ողջունել է իր քաղաքական թիմի առաջնորդի ցանկացած վիրավորանք դատական համակարգի հասցեին, որովհետև առնվազն երբեք չի հակադրվել դրան, հիմա, փաստորեն, հասկանում է՝ դատարաններն ինչու չէին կալանավորում իշխանության թիրախում հայտնվածներին: Ինչպես ասում են, երբ ուղտը չոքում է առջևդ, գիտակցությունդ սկսում է լուսավորվել:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը ՔՊ-ի ներսում խոստացել է պրոցեսը չկանգնեցնելու դեպքում աղմկահարույց բացահայտումներ անել. բնականաբար, Փաշինյանը, իր կինը և որոշ  կարկառուն ՔՊ-ականներ ոչ միայն լավագույնս տեղյակ էին այդ գումարների շրջապտույտից, այլև իրենց հետ համաձայնեցված էր այդ ամենը տեղի ունենում: Կանի՞, թե՞ ոչ Արսեն Թորոսյանը, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները: Եթե Գևորգ Սիմոնյանը չկալանավորվի, և մնացած 8 ձերբակալվածների առնչությամբ կալանավորման միջնորդություններ չլինեն, թերևս, կարող է մտափոխվել:

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի վախը պետք է բռնել, ինչը և փորձում է անել Արսեն Թորոսյանը, թե չէ փաստերի ու անունների պակաս՝ սկսած ձկան գլխից մինչև ամենաստորին օղակի շերեփուկը, չի լինի: Իսկ պատմելու բան Արսեն Թորոսյանը, թերևս, շատ ունի:

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար… Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- նշված էր Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս