«Մեդլայն Կլինիկի» հիմնադիր-տնօրենը կալանավորվեց. Ի՞նչ խափանման միջոց է ընտրվել «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ

Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննության շրջանակներում ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար… Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորման միջնորդություն այս պահի դրությամբ ներկայացրել է 11 ձերբակալված անձանցից 3-ի նկատմամբ:

Մեզ հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին՝ դատարանն արդեն իսկ բավարարել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանին կալանավորելու միջնորդությունը:

«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը:

Ըստ ամենայնի Գևորգ Սիմոնյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ չի քննվել: Նրա վերաբերյալ տեղեկություններ թերևս ավելի ուշ կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս