
Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում: Մասնավորապես, փոփոխությամբ հնարավոր կլինի վերահսկել տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ գործողության մեջ դրված ստանդարտներին:
Մյուս կողմից՝ ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին:
Նկատենք՝ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները եւ հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները ունենում են պարտքեր, եւ այս կարգավորումը կարծես թե եւս մեկ միջոց է ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. մի երեւույթ, որ ողջ կյանքը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր»: