Կա՛մ հարցը լուծում եք, կա՛մ ուժով բացում ենք Լաչինի միջանցքը. որը կլինի Հայաստանի նախընտրելի պատասխանն Ադրբեջանին. Հակոբ Բադալյան
Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն իրականությունը չեն արտացոլում. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շատ լավ հասկանում են, որ դրան հասնելու հնարավորություն չկա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին, նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Մի կողմից՝ Բաքվում սահմանվել է նշաձող, այն, թե Ղարաբաղ գոյություն չունի։ Այդ նշաձողը խաղաղության շուրջ գործընթացում Բաքվի համար ստեղծում է խնդիրներ։ Մյուս կողմից՝ Երևանն իր համար սահմանել է կարմիր գծեր և հասկանում է, որ այդ կարմիր գծերը հատելը քաղաքական հնարավորությունների սահմաններից դուրս է։ Երևանը խաղաղության մասին խոսում է՝ տակտիկական նկատառումներից ելնելով, որով Երևանը փորձում է ցույց տալ, որ տրամադրված չէ ռազմական գործողությունների»,- ասաց Բադալյանը։
Ըստ վերլուծաբանի՝ Ալիևը հերթական անգամ Արցախում իրավիճակը լարելով, մասնավորապես, Բերձորի միջանցքը փակելով և մարտի 5-ին դիվերսիոն գործողություններ իրականացնելով՝ ցույց է տալիս, որ իր դրած պահանջները բավարարված չեն, և այդ տարբերակով գնում է ճնշումների միջոցով պայմաններ թելադրելու և այնպիսի իրավիճակ ստեղծելու ճանապարհով, որ կարողանա իրացնել իր ուժը:
Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ եթե պաշտոնական Երևանն ու Բաքուն ունենային ուժերի այնպիսի հարաբերակցություն, ինչը թույլ կտար Երևանին ավելի կոշտ նշաձող սահմանել, ընդհուպ ուժային լուծումների գնալու մասին հայտարարեր, և եթե Ադրբեջանն էլ չդադարեցներ ճնշումները, գուցե այդ ժամանակ անհրաժեշտ կլիներ Բաքվի հայտարարություններին այլ կերպ արձագանքել, բայց իրականությունն այն է, որ մենք չունենք ուժային նման հարաբերակցություն։
«Ադրբեջանը Հայաստանից սպասում է այնպիսի արձագանքի, որի արդյունքում կկարողանա սրել ուժային գործոնը»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը գործելու շատ փոքր դաշտ ունի, և բացի հայտարարություններ անելուց, ավելին անելու հնարավորություն չունի: Անդրադառնալով Հայաստանի իշխանության հնչեցրած հայտարարություններին՝ առանձնացրեցինք Կառավարության մարտի 9-ի նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Բերձորի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ահնհրաժեշտության մասին: Այս առնչությամբ էլ Հակոբ Բադալյանը նկատեց.
«Հարց է առաջանում՝ իսկ միջազգային փաստահավաք դիտորդներն արդյո՞ք պատրաստ են գալ։ Ես կարծում եմ՝ պատրաստ չեն, դա պետք չէ այն դերակատարներին, որոնք Հարավային Կովկասը դիտում են Ռուսաստանի պատասխանատվության գոտի։ Ռուսաստանի բեռը նրանք չեն թեթևացնի, ընդհակառակը, որքան Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ճգնաժամը խորանա, այնքան Արևմուտքի համար իրավիճակը նպաստավոր կլինի»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը հայկական կողմի համար շահեկան կլիներ, եթե Երևանն ունենար ներուժ ավելի կոշտ քայլերի դիմելու։
«Եթե Երևանը կարողանար վերջնագիր ներկայացնել՝ ասել՝ կա՛մ հարցը լուծում եք, կա՛մ ուժային տարբերակով բացում եմ Բերձորի (Լաչինի) միջանցքը, սա կլիներ նախընտրելի քայլ, բայց քանի որ այս քաղաքականության հնարավորությունը չունենք, հռետորաբանությունը ևս այս մակարդակի բարձրացնել չարժե»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։