«Ես որ տեսա՝ Սևանը մասնակցում ա, վաբշե գժվա… Զանգեցի, ասեցի` այ տղա, էս դու իմ պարտքերը չես կարողանում փակես, էս ծրագրի մե՞ջ ես մտել…». «Ֆլեշ» ՍՊԸ նախկին տնօրեն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նախորդ դատական նիստին դատարան էր ներկայացել վկա Արսեն Հարությունյանը։ Մյուս վկան դատարանին գրություն էր հասցեագրել, որ չի կարող ներկայանալ նիստին, որովհետև ծանուցում չի ստացել ու գտնվում է երկրից դուրս։ Դատական նիստը սկսվեց վկա Արսեն Հարությունյանի հարցաքննությամբ։ Վերջինս նախկինում աշխատել է «Մաքսհուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Ներկայումս չի աշխատում։ Վկան դատավարության կողմերից ճանաչում էր նախագահ Սերժ Սարգսյանին ու Բարսեղ Բեգլարյանին։ Ազգակցական, բարեկամական կապեր նրանց հետ չուներ, թշնամանք` նույնպես։ Վկա Արսեն Հարությունյանը դատավորի խնդրանքով ներկայացրեց գործին վերաբերող իրեն հասանելի տեղեկատվությունը։

Այսօրվա դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկաներից Վահագն Մելքոնյանն այսօր չհարցաքննվեց. Անհետաձգելի գործեր ուներ:

Կարդացեք նաև

Առաջինը հարցաքննվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Յաշա Խաչատրյանը: Վերջինս նշեց՝ ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին, շատ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Գևորգ Հարությունյանին:

Վերջինս ներկայացրեց դիզվառելիքի մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգը: Նա նշեց՝ դիզվառելիքի ներկրման այնպիսի բարձր որակական չափանիշներ կային, որ տենդերը չստացած ընկերությունը վստահաբար ուրախացել է, որ այն իրեն չի հասել, որովհետև չէին կարողանալու ապահովել այդ պարամետրերով վառելիքի ներկրումը:

«Պարսկաստանից հնարավոր չէր ներկրել այնպիսի դիզվառելիք, որը դիմանար, չսառչեր ցրտին: Այս պայմաններում այդ ներկրումը կարող էր կատարել միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ն»,- ասաց վկան:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվող միակ վկան՝ Սևան Քոչարյանը, որտեղ աշխատել է, գցել է բոլորին:

«Բա որ տենց լավ ներկրող էր, 2018թ.-ից հետո ինչո՞ւ ոչ մի լիտր դիզվառելիք չի ներկրել: Ասենք, էն ժամանակ մենք էինք խանգարում, բա 2018թ.-ից հետո ո՞վ էր խանգարում»,- ասաց Յաշա Խաչատրյանը:

Այնուհետև Յաշա Խաչատրյանը պատասխանեց դատախազ Արսեն Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ տենդերին մասնակցելու առաջարկը ստացել է Գյուղնախարարությունից, ուղարկել են գնային առաջարկ՝ 457 դրամ, հետո 2 դրամ գինն իջեցրել են, կապը պահել է գյուղնախարար Սերգո Կարապետյանի տեղակալի հետ:

«Ինձ ասել են՝ Յաշա, նայի՝ որակյալ լինի, ոչ մի գյուղացի չբողոքի որակից: Ասել եմ՝ հարց չկա: Առհասարակ ձմեռային դիզվառելիքը տարբերվում է ամառայինից: Նրանց մեջ 150-200 դրամի տարբերություն կա»,- ասաց «Ֆլեշ» ընկերության նախկին տնօրենը:

Վկան անդրադարձավ նաև Սևան Քոչարյանին ուղղված իր զանգի բովանդակությանը:

«Ես որ տեսա՝ Սևանը մասնակցում ա, վաբշե գժվա… Զանգեցի, ասեցի՝ այ տղա, էս դու ինձ պարտք ես, իմ պարտքերը չես կարողանում փակես, էս ծրագրի մեջ ե՞ս մտել: Ես 100 տոկոսով գիտեի, որ Սևանը չէր կարող բերել էդ վառելիքը, դրա համար եմ նրան զանգել»,- ասաց Յաշա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Սևան Քոչարյանի ներկայացրած գնային առաջարկը՝ 420 դրամ պարսկական վառելիքի համար, չափազանց բարձր էր. Պարսկաստանից բերված վառելիքը առավելագույնը 390 դրամ արժեր մեկ լիտրի համար:

Դատախազից հետո Յաշա Խաչատրյանին հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը, ապա՝ դատավոր Վահե Միսակյանը:

Հարցին՝ իրենց ընկերությունն արդյո՞ք ունեցել է արտոնություններ, Յաշա Խաչատրյանը կտրականապես հերքեց՝ ոչ, չի ունեցել:

Իրավիճակը մի պահ լարվեց, երբ դատախազ Մարտիրոսյանը բանավեճի մեջ մտավ վկա Յաշա Խաչատրյանի և պաշտպան Ամրամ Մակինյանի հետ: Դատավորը հանդարտեցրեց իրավիճակը՝ կողմերին կոչ անելով դատաքննության այս փուլում բանավեճի մեջ չմտնել:

Խնդիրը վերաբերում էր «ձմռանը դիզվառելիք» և «ձմեռային դիզվառելիք» եզրույթներին, դրանց տարբերությանը:

Վկան պնդեց՝ հնարավոր չէ՝ Իրանից ու Իրաքից ներկրել ձմեռային դիզվառելիք: Յաշա Խաչատրյանը նաև նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ չեն իրականացրել, քանի որ մատակարարել են այնքան, որքան գումար իրենց փոխանցվել է:

Յաշա Խաչատրյանի խոսքով՝ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանի և վարչության պետ Գևորգ Հարությունյանի հետ ունեցել է գործնական հարաբերություններ, իրենց շփումները եղել են սոսկ գյուղացիներին վառելիք մատակարարելու ծրագրի շրջանակներում:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, ինչից հետո դատախազ Մարտիրոսյանը նկատեց՝ վկայի նախաքննական ցուցմունքների և այսօրվա ցուցմունքների միջև հակասություններ կան, խնդրեց թույլատրել հրապարակել դրանք: Դատավորը թեպետ թույլատրեց, սակայն նշեց, որ ինքը վկայի ցուցմունքներում էական հակասություններ չի հայտնաբերել:

Այնուհետև Ամրամ Մակինյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 23-ին՝ 14:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս