Դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստը` ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը։ Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Նախորդ դատական նիստին սկսվեց «Սոբրանիե» ընկերության սեփականատեր, վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունը, ով ամեն երկրորդ հարցին պատասխանում էր` չգիտեմ, չեմ հիշում։ Նախորդ նիստը հարուստ էր նաև միջադեպերով։ Նախ Բարսեղ Բեգլարյանը գոռաց դատախազի վրա, երբ վերջինս նրա կարծիքով՝ ոչ վերաբերելի միջնորդություն ներկայացրեց, ապա՝ վկա Ենոք Ազարյանը։ Դատախազության այս խղճուկ պահվածքը դատական նիստերի դահլիճում իր պատճառներն ունի, որին մի առիթով 168.am-ն անպայման կանդրադառնա։

Վերջին նիստին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վկա Սևան Քոչարյանի՝ անբարեխիղճ տնտեսվարող լինելու մասին դատական ակտեր հրապարակեց: Դատախազն առարկեց դրանց՝ որպես ապացույց ճանաչելու դեմ: Արդեն նիստից հետո Մակինյանն ասաց` խնդիր չի տեսնում դատարանի կայացրած որոշման հետ կապված, որովհետև իր միջնորդության մեջ եղած փաստերը ինքը կարող է ներկայացնել դատավարության այլ փուլում։ Այսօր դատարան էր ներկայացել վկա Արսեն Հարությունյանը։ Մյուս վկան դատարանին գրություն էր հասցեագրել, որ չի կարող ներկայանալ նիստին, որովհետև ծանուցում չի ստացել ու գտնվում է երկրից դուրս։ Դատական նիստը սկսվեց վկա Արսեն Հարությունյանի հարցաքննությամբ։ Վերջինս նախկինում աշխատել է «Մաքսհուր» ՍՊԸ-ում որպես տնօրեն։ Ներկայումս չի աշխատում։ Վկան դատավարության կողմերից ճանաչում էր նախագահ Սերժ Սարգսյանին ու Բարսեղ Բեգլարյանին։ Ազգակցական, բարեկամական կապեր նրանց հետ չուներ, թշնամանք` նույնպես։ Վկա Արսեն Հարությունյանը դատավորի խնդրանքով ներկայացրեց գործին վերաբերող իրեն հասանելի տեղեկատվությունը։ «Ընկերության փաստացի տնօրեն Խաչիկ Մանուկյանն ինձ հրահանգեց տենդերի մասնակցելու առաջարկ ներկայացնել։ Կշահենք՝ լավ, չէ՝ Աստված մեզ հետ։ Գինը մեկ լիտրի համար տատանվում էր 420-430 դրամի սահմաններում։ Այդ գինը հաշվարկել էր Մանուկյան Խաչիկը»,- ասաց վկան։

Նրա խոսքով` իր աշխատած տարիներին իրենց ընկերությունը վառելիք էր ներկրում Պարսկաստանից։ Վկային հարցեր ուղղեց դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ «Գյուղնախարարության որևէ պաշտոնատար անձի հետ ոչ հանդիպում եմ ունեցել, ոչ շփում»,- ի պատասխան դատախազի հարցի` ասաց Արսեն Հարությունյանը։ Վկան նաև տեղյակ չէր` ինչու պայմանագիրը կնքվեց ոչ թե իրենց, այլ «Ֆլեշ» ընկերության հետ։ Այնուհետև վկային հարցեր ուղղեց պաշտպանական կողմը, ապա՝ դատավորը։

Կարդացեք նաև

Ապա դատավորը ընթերցեց վկայի նախաքննական ցուցմունքները։ Ավարտին դատախազ Արսեն Մարտիրոսյանը կրկին միջնորդեց նախորդ դատական նիստում իր ներկայացրած փաստաթղթերը ճանաչել որպես արտադատավարական ու նոր վկաներ ներգրավելու հնարավորություն տալ։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին` ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Մանրամասները` տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս