Գույքային հայց՝ համապարտությամբ, անմեղության կանխավարկածի խախտում հանրային մեղադրողների կողմից. Սերժ Սարգսյանի գործով հերթական նիստը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:

Սերժ Սարգսյանի վերաբերյալ 2 գործերը միավորվել են, քանի որ երկուսն էլ գտնվում են միևնույն դատավորի վարույթում:

Նախորդ դատական նիստում պարզվեց, որ նոր հանրային մեղադրող է ներգրավվել՝ Հայկ Հովհաննիսյան:

Նաև Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրելով գրավ 5 միլիոն դրամի մասով և չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։

Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ համապարտությամբ գույքային հայց ներկայացրեցին: Հայցը կարդաց դատախազ Գորիկ Հովակիմյանը: Նա իր ծավալուն ելույթի վերջում ներկայացրեց գույքային հայցի առարկան՝ համապատասխանաբար 3 միլիարդ 337 մլն 557 000, 76 մլն. 852 000 657 և 526 մլն 520 000 դրամ գումար:

Պաշտպան Մակինյանն ի պատասխան նկատեց՝ էս պահի դրությամբ ուժի մեջ է անմեղության կանխավարկածը. պարտավոր եք ձեռնպահ մնալ կանխակալ գնահատականներից:

««Հանցակից», «Հանցավոր սխեմա», հարգե՛ք անմեղության կանխավարկածը»,-ասաց Մակինյանը:

Մյուս պաշտպանը Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց՝ «Ի՞նչն է ձեզ ստիպել խախտել տարրական պահանջները. «ենթադրաբար» բառը գեթ 1 անգամ չօգտագործեցիք»:

Պաշտպանները ժամանակ խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար:

Դատական նիստը հետաձգվեց: հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17.00-ին:

«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:

Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս