Բաժիններ՝

Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հարցը կորոշվի նոր հայտնաբերված ամրոցի պեղումներից հետո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:

Հուշագրում նշվում է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կիրականացնի նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքները, իրավասությունների սահմաններում այլ հարցերում կցուցաբերի աջակցություն:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը կախվա՞ծ է ամրոցի վերականգնումից, պեղումներից, վերջինը պատասխանեց. «Այս փուլում հետազոտություններ և ուսումնասիրություններ են կատարվելու, ինչպես նշված է հուշագրում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նաև անհրաժեշտ ֆինանսական աջակցություն է տրամադրելու՝ հետազոտություններն ու ոսումնասիրություններն իրականացնելու համար: Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ որևէ դեպքում որևէ բան չենք անելու, որն օրենքի շրջանակներում չի լինելու: Այսինքն, հետազոտությունների փուլի ավարտից հետո հստակ կանդրադառնանք այս հարցին»:

Հարցին՝ դրանից հետո նոր կորոշվի, թե ի՞նչ հեռավորության վրա կառուցվի արձանը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ տեխնիկական մասին չի տիրապետում, սակայն փուլային գործընթաց է:

Կարդացեք նաև

«Այս փուլում իրականացվելու են հետազոտություններ՝ Հատիս լեռան գագաթին, և դրանից հետո նոր միայն տեղի կունենան մյուս գործընթացները: Ժամկետի հետ կապված ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Հավելենք, որ ավելի վաղ ստորագրահավաք էր սկսվել՝ պահանջով, որ չեղարկեն Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը: Նրանք ընդգծել են արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի, շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձանների վնասվելու և վերանալու անդառնալիությունը:

Տեսանյութեր

Լրահոս