Շրջափակման պայմաններում ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ. Պետնախարար

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ, այս մասին հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ստեփանակերտից ու շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ստացված արձագանքները մեզ ոգևորում և նոր ուժ են հաղորդում:

Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է՝ հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում:

Լիահույս եմ, որ նման կազմակերպվածությունն ու ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել, ապա նաև չեզոքացնել այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա վերջին պատերազմից հետո:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երիտասարդներին, ուսանողներին, օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր միասնականության կոչը անմիջապես վերածել են շոշափելի արդյունքների:

Ահա գործնականի վերածված առաջին քայլերը՝ կամավորականները բեռնաթափում և աջակցում են գարնանացան սերմերի բաշխման աշխատանքներին»,- Facebook-ում գրել է Արցախի պետնախարարը

Տեսանյութեր

Լրահոս