«Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթը բարձրակետն էր. ցանկացածի հետ պատրաստ եմ քննարկել. Դավիթ Շահնազարյան

«Այս աղետալի իրավիճակում շատ կարևոր է այսպիսի ժողովածուի երևան գալը»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Մի քանի օր է՝ այս գիրքը թերթում եմ և վերհիշում եմ շատ բաներ, և նոր աչքով ես սկսում նայել, թերևս, ավելի շատ գնահատել այս իրավիճակում այն հսկայական աշխատանքը, որ կատարված է»,- ասաց Շահնազարյանը:

Նա գրքից մի քանի դրվագ էր առանձնացրել, որոնց վրա հրավիրեց ներկաների ուշադրությունը.

«Ես կուզեի նշել՝ «Կարմիր գծեր և սկզբունքներ»: Կարմիր գծերից կարևորագույնը, որ ողջ բանակցային գործընթացի ժամանակ բացառվել է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Կարդացեք նաև

Մյուսը պահը, որ ես կուզեի նշել, որ Հայաստանն ու Արցախը նույն անվտանգության համակարգում են, և անվտանգության համակարգ ասելով՝ պետք չէ սահմանափակվել միայն բանակով, այն ունի բազմաթիվ բաղադրիչներ, կարևորագույններից մեկը արտաքին քաղաքականությունն է, տնտեսությունը, կարծում եմ՝ պատահական չէ, որ ժողովածուի վերնագիրն այդպես է՝ «Առաջնագծում»:

Թե Արցախի և Հայաստանի անվտանգությունների տարանջատումն ինչի է բերում, ցավոք՝ մենք այդ ամենի ականատեսն ենք հիմա»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ մյուս կարևոր սկզբունքը, որով Հայաստանն այդ տարիներին առաջնորդվել է, ռազմաքաղաքական բալանսի ապահովումն է.

«Եթե ռազմականով մնում ենք հետ, ապա դա քաղաքականով պետք է կոմպենսացնել, և դա կարող եմ նշել, որ մեծ հաջողությամբ հնարավոր է եղել իրականացնել»:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին և բանակցային գործընթացին, ասաց՝ մեծ միամտություն և անգրագիտություն է համարելը, որ Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ.

«Ո՛չ, Հայաստանը բանակցել է միջազգային հանրության հետ և ոչ միայն այդ տարիներին, բանակցային ողջ գործընթացում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը եղել է մի կողմում, Ադրբեջանինը՝ հակառակ, և այդպես շարունակվել է մինչև 2018 թվականը, սա փա՛ստ է:
Ի՞նչն էր հիմքը՝ Մադրիդյան փաստաթուղթը, դրա վերջնական տեսքը բավական փոփոխություններից հետո 2009 թվականին Լակվիլայում հայտարարվեց համանախագահող 3 երկրների նախագահների կողմից…

2016 թիվ, քառօրյա պատերազմ, այո՛, ես էլ եմ համարում, որ Ալիևն ըստ էության հայտնվել էր փակուղային վիճակում, և դա հուսահատական փորձ էր, որի վրա, իհարկե, նա մեծ խաղադրույք էր արել՝ քառօրյան, որը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական իմաստով դատապարտվեց, և իմ գնահատմամբ՝ դրանից հետո սկսվեց բանակցային գործընթացի բարձրակետը:

Ի՞նչ տեղի ունեցավ մայիս-հունիս ամիսներին, Սանկտ Պետերբուրգ և Վիեննա: 3 կետ էր դրված սեղանին՝

1. Շփման գծում միջադեպերի միջազգային քննություն,

2. Հատուկ սարքերի տեղադրում,

3. ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի մեծացում: Դա նշանակում էր շփման գծի միջազգայնացում, Հայաստանը և միջազգային հանրությունը շատ մոտ էին, որ շփման գիծը, նկատի ունեմ այն շփման գիծը, որը կար մինչև 2020 թվականը, ըստ էության միջազգայնացվեր: Պատահական չէ, որ Ալիևը պաշտոնապես բողոքեց, որ իր վրա շատ մեծ ճնշում կա՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը:

Եթե ուսումնասիրեք Մադրիդյան փաստաթուղթը, ապա կտեսնեք, որ այն ընդունելով՝ Ադրբեջանն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղն իր կազմում չէ, որովհետև կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական հետևանք ունեցող կամարտահայտմամբ»:

Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց նաև, թե ինչ իրավիճակ էր բանակցային գործընթացում 2018 թվականին.

«Պարզ ասեմ՝ 2018 թվականի ապրիլին: Սա օրակարգն էր, ըստ էության թակարդ Ադրբեջանի համար՝ Մինսկի խմբով, այլ օրակարգ գոյություն չուներ: Կար, իհարկե, նաև նախաձեռնությունը, որ կոչվում էր «Լավրովի պլան», որի մասին կա նախագահի ելույթներում, հատկապես 2018 թվականից հետո: Կարճ ասեմ՝ 5 շրջան՝ ազատում, և դուրս են գալիս Արցախի զինված ուժերը, 2 շրջան՝ Քարվաճառի և Լաչինի շրջանները մնում են այնքան ժամանակ, քանի ազատ կամարտահայտության, որն ունի պարտադիր իրավական ուժ, կարգավիճակի հարցը որոշված չէ: Դա ըստ էության կամ նշանակում է հավերժ, կամ Ադրբեջանը պետք է համաձայնվի հանրաքվե անցկացնել, և հայկական կողմի դիրքորոշումն էր, որ որևէ ժամկետ հանրաքվեի վրա չպետք է լիներ: Մի փակագիծ էլ բացեմ, բոլորն էլ գիտեին, որ այդ հանրաքվեն չի լինելու և այդ իրավիճակը պահպանվելու է, միջազգային խաղաղապահ ուժերը կանգնելու են հենց այդ սահմաններում:

2018 թվականից հետո նախագահ Սարգսյանն իր ելույթներում նաև նշել է, որ պայմանավորվածություն կար արդեն, որ պետք է 3 փաստաթուղթ լիներ, Հայաստան-Ադրբեջան, դրանից հետո՝ անմիջապես եռանախագահող երկրների հայտարարությունը, դրանից հետո՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում, ի դեպ, դա հաստատեց նաև Ռուսաստանի Դաշնության համանախագահողը:

Այսինքն՝ այս իրավիճակում է ներկայիս իշխանությունը ստացել բանակցային գործընթացը, սա է եղել ժառանգությունը: Առանց չափազանցության պատրաստ եմ քննարկել ցանկացածի հետ, որ սա եղել է բանակցային գործընթացի բարձրակետը…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս