Ինչո՞ւ հիմա. Ի՞նչ կապ ունեն Բայրամով-Լավրով բանակցություններն ադրբեջանական ահաբեկչության հետ

Ամիսներ շարունակ փակ պահելով Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծելով հումանիտար ճգնաժամ Արցախում՝ Ադրբեջանն անցել է ահաբեկչական գործողությունների` փորձելով հասնել իր առջև դրված առաջիկա նպատակներին:

Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, հանգեցնելով 3 զինծառայողի մահվան:

Այս ամենն ադրբեջանական կողմը զուգակցում է ապատեղեկատվության տարածման աննախադեպ ծավալով՝ փորձելով ահաբեկչական ագրեսիան իբրև թե հիմնավորել կեղծ ու սուտ թեզով, թե իբր Հայաստանից Արցախ զենքի տեղափոխում է կանխվել: Սակայն Արցախի ՆԳՆ Ոստիկանությունն ադրբեջանական հարձակման տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր` Շուշիի շրջան) և անառարկելիորեն ապացուցում է ադրբեջանական պաշտպանության նախարարության պնդման կեղծ լինելը:

Ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների մասնակցությամբ Լաչինի միջանցքի փակումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը դաշտ գցեց և իբրև թե ռուսական կողմին փորձեց ներկայացնել կեղծ փաստեր այն մասին, որ Հայաստանը Լաչինի միջանցքով զինամթերք է տեղափոխել Արցախ: Սրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց անցակետ բացելու և Լաչինի միջանցքով շարժը վերահսկելու թեմա:

Կարդացեք նաև

Ավելի վաղ՝ հունվարի սկզբին, տված իր մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լաչինի ճգնաժամին, ասել էր, թե հիմա ռուս զինվորականները ուսումնասիրում են ադրբեջանցիների ներկայացրած տվյալները, թե հայկական կողմը խախտելով եռակողմ համաձայնությունները, այդ միջանցքով ականներ է տեղափոխել, որոնք հետո օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ տարածքներ ականապատելու համար։ «Այնտեղ փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- ասել էր Լավրովը։

Եվ օրերս՝ փետրվարի 28-ին, Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի ճանապարհի ռեժիմն ու նրա ֆունկցիաները պետք է ամբողջովին համապատասխանեն եռակողմ առաջին հայտարարությանը՝ ընդունված 2020-ի նոյեմբերի 9-ին:

«Դա նշանակում է՝ կարևոր է ապահովել քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Մեր շփումներում ձգտում ենք հասնել դրան, առաջին հերթին՝ խաղաղապահ զորակազմի գծով։ Որևէ հսկիչ անցակետի տեղադրում այնտեղ չի դիտարկվում։ Բայց հնարավորության կա տեխնիկական միջոցներով փարատելու կասկածները, թե միջանցքն ըստ նպատակի չի գործում։ Մենք այսօր անդրադարձել ենք դրան։ Տեխնիկական դետալները, ըստ կարևորության, երկրորդական են»,- ընդգծել էր Լավրովը՝ ըստ էության փորձելով փակել անցակետ բացելու թեման:

Սակայն, ինչպես երևում է նախօրեի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունից ու դրա շուրջ հյուսվող ադրբեջանական պրոպագանդայից, այս միջադեպով Ադրբեջանը փորձում է իր բարձրացրած անցակետի թեմային նոր շունչ հաղորդել: Ադրբեջանի ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ միջադեպը ևս մեկ անգամ հիշեցրեց Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անցակետ տեղադրելու անհրաժեշտության մասին։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին պատերազմից հետո ռազմական բռնկումների վտանգ եղել է ու դրսևորվել է, բազմաթիվ միջադեպերի ականատես ենք եղել:

Ըստ նրա, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ վերջին փոփոխությունն այն է, որ ՀՀ տարածքում եվրոպացի դիտորդներ են տեղակայվել, որոնց արդյունավետությունը կասկածելի է, երբեմն նույնիսկ կարող է դիտարկվել ռեգիոնի համար վտանգավոր, քանի որ հնարավոր լարվածությունների հավանականությունը կարող է տեղափոխել ԼՂ:

«ԼՂ-ում էլ ռուս խաղաղապահներն են, սակայն նախ՝ խաղաղապահներն ունեն սահմանափակ ու չհաստատված մանդատ, երկրորդ՝ բարդ իրավիճակում են հայտնվել, պայմանավորված ուկրաինական զարգացումներով, և առավելապես չեն կարողանում առաջ մղել ռուսական դիրքորոշումները, կամ խուսափում են դա անել հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով: Բացի այդ, խաղաղապահներն ունեն նաև սահմանափակ ներկայություն և ամենուր չէ, որ վերահսկում են, իսկ ԼՂ-ում իրավիճակի բռնկման վտանգ կա միշտ, որովհետև Ադրբեջանը սովորույթի ուժով արդեն ցանկացած խնդիր դիվանագիտական դաշտում լուծում չգտնելուց հետո տեղափոխում է ռազմական դաշտ, փորձելով բոլոր հարցերը լուծել ուժի գործադրմամբ: Սա մեկ անգամ 2020 թվականին Ադրբեջանին տվեց արդյունք, և դրանից հետո անընդհատ այս սցենարը գործում է, քանի որ նաև ընդհանուր առմամբ պատասխան ևս չի լինում: Եվ այս դեպքում չի բացառվում, որ հարցը անցակետն է կամ մեկ այլ հարց, որին Ադրբեջանը ցանկանում է հասնել»,- նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է անցակետի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշմանը և լռությանը այս միջադեպի շուրջ՝ Խրամչիխինն ասաց, որ անցակետի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն դիրքորոշում հայտնել է, ու չի բացառվում, որ դա ունի առնչություն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում:

«Իսկ ընդհանուր առմամբ ռուսական կողմն ընտրել է հիմնականում կուլիսում աշխատելու ոճ և խնդիրները հրապարակային դաշտում քիչ արծարծելու ռազմավարություն, քանի որ ունի քիչ հնարավորություններ ազդելու իրավիճակի վրա: Վստահաբար աշխատանք իրականացվում է, այստեղ կան նաև շատ առանձնահատկություններ, այն, որ Հայաստանն ընտրել է դեպի Արևմուտք շարժվելու ճանապարհ, Ադրբեջանը ևս խաղում է մի քանի լարի վրա, սա  Ռուսաստանին իր խնդիրների հետ միասին էլ ավելի բարդ իրավիճակի մեջ է գցում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս