Ինչ են հուշում ֆինանսական շարժերը

Տարեսկզբին մասնավոր տրանսֆերտների տեսքով դրսից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերն էական փոփոխություն են կրել։ Թեև անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի աճը պահպանվել է, այնուհանդերձ տարեվերջի համեմատ անկումն ակնհայտ է։

Պաշտոնական տվյալներով, հունվարին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան կազմել են 386 մլն դրամ։

Սա 258 միլիոնով ավելի է նախորդ տարվա հունվարից, երբ դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրսից փոխանցումները կրում էին, այսպես ասած, տեղային բնույթ. ստացվում էին հիմնականում մեր քաղաքացիների հաշվին։

Պատկերը փոխվեց հակամարտությունից և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, ինչը հանգեցրեց արտաքին ֆինանսական հոսքերի կտրուկ ավելացման՝ ոչ ի հաշիվ մեր քաղաքացիների։

Այդ հոսքերը հակամարտությանը հաջորդող շրջանում աստիճանաբար աճեցին և մի պահ ամսվա կտրվածքով գերազանցեցին նույնիսկ 600 մլն դոլարը։ Հոկտեմբերին ստացվեց ընդհուպ 618 մլն դոլար։

Դրսից ֆինանսական փոխանցումների ակտիվությունը, որոշ տատանումներով, պահպանվեց մինչև տարեվերջ։

Պատկերը փոխվել է այս տարվա սկզբին։

Հունվարին դրսից գրեթե 205 միլիոնով պակաս տրանսֆերտային գումար է մտել Հայաստան, քան անցած տարվա դեկտեմբերին, 134 միլիոնով պակաս, քան նոյեմբերին, 232 միլիոնով պակաս, քան հոկտեմբերին։

Սրանում, անշուշտ, կա սեզոնայնության գործոնի դերը, բայց ակնհայտ է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում տրանսֆերտների տեսքով հայտնված գումարները նախորդ տարվա վերջի համեմատ էապես պակասել են։ Չնայած դրան՝ փոխարժեքի շուկան գտնվել է տարադրամային բարձր ճնշման տակ, ինչն արտահայտվել է դրանց գների նվազման տեսքով։

Նախկինում դրամի ամրապնդումը կապվում էր հիմնականում տրանսֆերտների ձևով ստացվող հսկայական հոսքերի հետ։ Անցած տարի մասնավոր փոխանցումները Հայաստան հասան ռեկորդային 5,2 մլրդ դոլարի, ինչը հանգեցրեց տարադրամների նկատմամբ դրամի գրեթե 20 տոկոս արժևորման։

Տարեսկզբին այդ հոսքերը էապես նվազել են, բայց ինչպես տեսնում ենք, դրամը էլի արժևորվել է։

Պատճառը հավանաբար պետք է փնտրել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային և կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունների մեջ։ Փաստ է, որ այդ քաղաքականությունները հանգեցրել են ազգային արժույթի արժևորման, ինչը բոլորովին չի բխում Հայաստանի տնտեսության շահերից։

Ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարվա սկզբին, արտաքին տրանսֆերտային հոսքերը ստացվել են հիմնականում Ռուսաստանից. 386 միլիոնից 281 միլիոնը ռուսական ֆինանսական շուկայից տեղափոխված գումարներն են։ Դրանք կազմել են տրանսֆերտային հոսքերի գրեթե 73 տոկոսը։

Մյուս բոլոր երկրներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին բաժին է ընկել ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների ընդամենը 27 տոկոսը։

Ընդ որում՝ ԱՄՆ-ից ֆինանսական մուտքերը կրճատվել են՝ ինչպես նախորդ տարվա նույն ամսվա, այնպես էլ՝ նախորդ տարվա վերջի համեմատ։

Անցած տարվա հունվարին Միացյալ Նահագներից ստացվել էր ավելի քան 40,8 մլն դոլար, այս տարի ստացվել է շուրջ 40,3 միլիոն. Կրճատվել է 587 հազար դոլարով։

Փոխարենը՝ Ռուսաստանի պարագայում 7 անգամ աճ կա՝ անցած տարվա սկզբի համեմատ։ Բայց նաև էական կրճատում՝ անցած տարվա վերջի նկատմամբ։

Այս տարվա հունվարին տրանսֆերտների ձևով 240,5 միլիոնով ավելի քիչ գումար է եկել Ռուսաստանից, քան եկել էր անցած տարվա դեկտեմբերին։

Կրճատումը հավանաբար կապված է ոչ միայն զուտ տրանսֆերտային միջոցների, այլև առևտրային փոխանցումների հետ։ Հայտնի է, որ Ռուսաստանից եկած գումարների մեջ քիչ չեն առևտրային նպատակով տեղափոխվող միջոցները։ Թեև դրանք երևում են տրանսֆերտային հոսքերում, այնուհանդերձ բնույթով գերազանցապես առևտրային են, ունեն Ռուսաստանի հետ առևտրային հոսքերը սպասարկելու նպատակ։

Դա երևում է նաև ֆինանսական միջոցների արտահոսքի ցուցանիշներում։

Հունվարին ֆինանսական միջոցների արտահոսքի ծավալը Հայաստանից բավական մեծ է եղել՝ հասել է գրեթե 216 մլն դոլարի։ Այդ գումարից 27 միլիոնը գնացել է Ռուսաստան, 29 միլիոնը՝ Միացյալ Նահանգներ։ Ընդհանուր առմամբ խոսքը 216 միլիոնից՝ 56 միլիոնի մասին է։

Մնացած 160 մլն դոլարը գնացել է այլ երկրներ։ Դրանք այն երկրներն են, որոնք սովորաբար չեն երևում Կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշներում։

Զուտ ներհոսքը, որը մնացել է Հայաստանում տրանսֆերտային գումարների մուտքերի ու ելքերի արդյունքում, կազմել է 170 մլն դոլար։ Սա ավելի քան 130 միլիոնով պակաս է անցած տարվա դեկտեմբերի ցուցանիշից։

Մեկ ամսվա ընթացքում այդ գործոնով պայմանավորված՝ ներքին շուկայում մնացած ֆինանսական հոսքերն այդքանով կրճատվել են՝ թուլացնելով ճնշումը փոխարժեքների վրա, բայց միևնույն է, դրամն էլի արժևորվել է։

Թե ինչպիսի՞ն կլինեն առաջիկայում տրանսֆերտային հոսքերը դեպի Հայաստան, մեծապես կախված է ռուս-ուկրաինական հակամարտության հետագա ընթացքից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից։ Որքան երկար ձգվի այս հակամարտությունը, այնքան կպահպանվի ֆինանսական միջոցների տեղաշարժն այդ երկրից։ Թեև ենթադրվում է, որ այլևս չի լինի նախորդ տարվա բարձր ակտիվությունը, ինչի արդյունքում ֆիզիկական անձանց փոխանցումները մեր երկիր գրեթե 2,5 անգամով ավելացան։ Միայն Ռուսաստանից 4,1 անգամով ավելի շատ գումար եկավ, քան եկել էր նախորդ տարի։

Ռուսական տրանսֆերտները կազմեցին շուրջ 3,6 մլրդ դոլար, ինչն աննախադեպ էր տրանսֆերտային փոխանցումների ամբողջ պատմության մեջ։

Չնայած տարեսկզբին ևս տրանսֆերտային հոսքերի մեծ մասը Ռուսաստանից են, այնուհանդերձ այս տարի նույնպիսի ակտիվություն դժվար է սպասել, ինչպես եղավ անցած տարի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս