Արցախի պետնախարարը միջազգային հանրությանը խաբելու փորձ է համարել Բաքվի սուտը, թե Արցախի ոստիկանության մեքենան զենք է տեղափոխել

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկության առ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին հարձակման ենթարկված Արցախի ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենան իբր Հայաստանից զենք է տեղափոխել Արցախ՝ նշելով, որ աա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հավելել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկել են մարդատար մեքենայով՝ դեպի Արցախի ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։ Արցախի պետական նախարարի հայտարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներ է թափանցել Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։

Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս