Բացահայտվել է մարտի 4-ին Երևանի կենտրոնում կատարված հանցագործությունը. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ
2023թ․մարտի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հարղոդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20։03-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Կոկտեյլ» հոսթելի դիմաց երկու տղամարդ վիճաբանում են, որոնցից մեկը դանակահարել է մյուսին, և դանակահարված տղամարդը գետնին ընկած արյունահոսում է։ Ավելի ուշ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ` մարմնի բազմակի հատվածների կտրած-ծակած վերքերով:
Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում Քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է դանակահարված անձի ինքնությունը, վերջինս ճանաչվել է տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։ Հվանդանոցում առգրավվել են դեպքի պահին նրա հագին եղած արնանման հետքերով հագուստները։
Հոսթելի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր։ Հարցաքննվել են մի շարք ականատես անձինք:
Մարտի 5-ին՝ ժամը 01:40-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի հասցեներից, մեկից սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել և քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 21-ամյա տղամարդ։
Վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է արնանման հետքերով հանցագործության գործիք դանակը։
Անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու հատվածում 21-ամյա քաղաքացին իր մոտ առկա դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի շրջանին, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, վազել դեպի Երևան քաղաքի Խանջյան 33 հասցեում գտնվող «Կոկտեյլ» հոսթելը, իսկ 21-ամյա քաղաքացին հետապնդել է, նշված վայրում նույն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել տուժողին և դիմել փախուստի։ Նախնական տվյալներով վեճի պատճառը եղել է տուժողի կողմից մյուսի հացեին հնչեցված հայհոյանքը, ինչի պատճառով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։
Մարտի 5-ին՝ ժամը 02։45-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնել են, որ տուժողը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: