Ադրբեջանի պաշտոնյաների ակտիվների բռնագրավումից՝ մինչև սանկցիաներ. Լիլիթ Բեգլարյանը՝ ԵԺԿ բանաձևի մասին
ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանն օրերս է վերադարձել Հելսինկիից, որտեղ ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում միաձայն ընդունվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ներկայացրեց բանաձևի կարևորությունը. «Բանաձևում մի քանի կարևոր շեշտադրումներ կան, որոնք վերջին շրջանում պետության կողմից բերված փաստաթղթերում մենք չենք նկատում, այսինքն՝ այդ ձևակերպումները շատ կարևոր են: Նախ՝ բանաձևում ասվում է, որ Լաչինի միջանցքը շրջափակվել է Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող ինքնակոչ բնապահպանների կողմից:
Նշվում է, որ դա նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է, ստեղծել է հումանիտար ճգնաժամ: Կարևորվում է ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Ընդգծում է, որ ԼՂ հակամարտությունն ավարտված չէ, և այն երբեք չի կարող ունենալ ռազմական լուծում: Շեշտվում է, որ խաղաղությունը չի կարող պարտադրվել ուժով կամ ուժի սպառնալիքով: Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին՝ հարգել և իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը: Դատապարտում է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են ԼՂ ժողովրդի անվտանգությունը: Բանաձևը հղում է կատարում Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ պատժամիջոցներով, և դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների բռնագրավումը՝ որպես միջոց՝ շարունակական ռազմական ագրեսիաներին պատշաճ կերպով արձագանքելու նպատակով: Ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ինչպես նշված է եռակողմ հայտարարության մեջ»:
Լիլիթ Բեգլարյանը չի հիշում, որ վերջին շրջանում նման ձևակերպումներով ընդունված լինի. «Ավելին, չեմ հիշում նույնիսկ մեր երկիրը ներկայացնող անձանց կողմից այսպիսի կոշտ ձևակերպումներով արտահայտություններ, հետևաբար՝ բանաձևը կարևոր է նաև այդ առումով: Մենք այն մշակել ենք մեր գործընկեր Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության հետ համատեղ, և չնայած նրան, որ երիտասարդական կառույց է, բայց այնտեղ հավաքված են երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք իրենց երկրներում որոշակի որոշումներ կայացնող մարմիններում են ներգրավված: Կառույցի ղեկավարը Եվրոպական պառլամենտի պատգամավոր է, տարբեր դելեգացիաների կազմում կան ազգային պատգամավորներ, որոնք հետ են գնում և իրենց երկրներում, բնականաբար, բարձրացնում են հարցը: Այստեղ քանի որ կոչ է արվում սանկցիաների հետ կապված, անձնական շփումների ժամանակ շատ է խոսվում, որ յուրաքանչյուրն իր մակարդակով այդ հարցը բարձրաձայնի:
Բնականաբար, դա հսկայական աշխատանք է պահանջում, և մեկ բանաձևով այդ հարցը չի լուծվում, և այստեղ մենք բախվում ենք մեկ այլ խնդրի. Այստեղ հարցը ոչ միայն ադրբեջանական թեզերին պատասխանելն է, այլև դու հայտնվում ես մի իրավիճակում, որ ստիպված ես քո իսկ երկրի իշխանության ձևակերպումներին հակադարձել: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մեր միջազգային գործընկերներն ասում էին՝ եթե անգամ ձեր երկրի վարչապետն այսպիսի կոշտ ձևակերպումներ չի տալիս, մեզնից ի՞նչ եք սպասում: Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված մեզ ասում են՝ եթե ձեր երկրի վարչապետը լրիվ այլ տրամաբանությամբ է բանակցում մեզ հետ, այսինքն՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում, դուք ինչո՞ւ եք այստեղ խոսում ինքնորոշման իրավունքի մասին»:
Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն երկար տարիներ ԵԺԿ-ի անդամ է, ամենօրյա ռեժիմով աշխատում են և վստահելի գործընկեր են. «Ոչ թե այս իշխանությունների պես ինչ-որ բաներ ենք խոստանում և չենք անում, կամ տարբեր գեոպոլիտիկ բևեռների տարբեր խոստումներ ենք տալիս, այլ մենք իրենց համար տարիների փորձված վստահելի գործընկեր ենք և ամենակարևորը՝ քաղաքական ընտանիքի մի մաս: Մենք ոչ թե իրենց նման ասում ենք, որ իզմ-երից զուրկ ենք, որ գաղափարախոսությունները մերժում ենք, այստեղ ունենք հստակ քաղաքական ընտանիք, որի մի մասն ենք մենք: Այդ քաղաքական թիմի մի մաս լինելը մեզ օգնում է այսպիսի ձևակերպումներով բանաձևեր անցկացնել»:
Նա նշեց, որ միջազգային գործընկերներին էլ է զարմացնում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հակասականությունը:
Լիլիթ Բեգլարյանն առանց փակագծեր բացելու նշեց, որ շուտով մեկ այլ զեկույց կլինի, որտեղ դարձյալ հայանպաստ ձևակերպումներ կլինեն:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում