
Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ Մոսկվա) մարտի 4-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: