Փաշինյանի հայտարարությունը հրաժարում է բոլոր նվաճումներից, որոնք հայությունն ունեցել է 35 տարիների ընթացքում. Լարիսա Ալավերդյան

Նիկոլ Փաշինյանի բեռլինյան հայտարարությունները՝հանրային ու քաղաքական շրջանակների քննարկումների ծիրում են: Բեռլինում Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսում նորից ու նորից խոսել էր խաղաղության օրակարգի և, ուշադրություն, «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության» մասին:Փաստորեն, հերթական անգամ տապանաքար դրեց Արցախի ինքնորոշման իրավունքի վրա:

Ի դեպ, Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդել էր Գերմանիայի կանցլերի հետևյալ ձևակերպմանը.«Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կրավորական որակեց Գերմանայի կանցլերի հայտարարությունը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արձագանքը՝ հերթական նահանջ 35 տարիների նվաճումներից:

«Շոլցի հայտարարությունը չի խոսում ԼՂ Հանրապետության մասին, այլ ինքնորոշման իրավունքի մասին և, ենթադրաբար, եթե նա անմիջապես նշում է նաև տարածքային ամբողջականության մասին և չի պարզաբանում իր խոսքերը, այստեղ չի բացառվում, որ Շոլցը պատկերացնում է ինքնորոշված Արցախն Ադրբեջանի կազմում:

Կարդացեք նաև

Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարզապես նորից պնդեց, որ չի տեսնում Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, այլ միայն ու միայն խոսում է բնակիչների անվտանգության և իրավունքների մասին, ինչը բացարձակապես հրաժարում է բոլոր նվաճումներից, որոնք հայությունն ունեցել է այս 35 տարիների ընթացքում:

ՀՀ իշխանությունը պարզապես չի ներկայացնում և չի ճանաչում դե ֆակտո կայացած ԼՂ Հանրապետությունը, այն հանրապետությունը, որի հետ ՀՀ-ն տարիներ շարունակ ինտեգրվում էր տնտեսական, սոցիալական և այլ առումներով: Այսինքն, Արցախն ամբողջովին թողնում են միայն ու միայն Ադրբեջանի հայեցողությանը, դրանով իսկ ոտնահարելով և խախտելով թե՛ ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը ստանձնում էԼՂ անվտանգության երաշխավորի պարտավորությունը, և թե՛ 1992 թվականի հուլիսի 6-ի այն որոշումը, ըստ որի՝ ՀՀ-ն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որովԼՂ-ն կդառնա Ադրբեջանի մաս»:

Այս համատեքստում Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Արցախին բանակցային հարթակում միայնակ թողնելու վերջին դրվագին՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Եթե Հայաստանը չի ուզում որևէ առնչություն ունենալ Արցախի հետ, ուրեմն վարչապետը չպետք է ստորագրեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ այդ տարածքների վրա, որոնց մասին խոսվում է փաստաթղթում, չի տարածվում ՀՀ սուվերենությունը:

Այսինքն՝ երբ պետք է այդ տարածքները մեկ ստորագրությամբ բռնակցվեին Ադրբեջանին, այդ ժամանակ ՀՀ-ն տեր էր, իսկ երբ խոսքն արդեն կարգավիճակի ու Ադրբեջանի հետ բանակցելու մասին է՝ Հայաստանը գոյություն չունի:

Սա անհամաչափ, անազնիվև սպեկուլյատիվվերաբերմունք է»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս