Նման վարքագծով ՀՀ իշխանությունն իր վրայից գցում է Արցախի համար պատասխանատվությունը. Մինասյան

«Նախորդ հերթական նիստերից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, շարունակվում է ՀՀ իշխանության անձեռնահաս վարքագիծը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջին անգամ կիրառել են «հատուկ կարծիքի» ինստիտուտը, որի էությունն այն է, որ հանձնաժողովի անդամների մեկ քառորդը եթե ունի այլ մոտեցում, կամ հանձնաժողովի մեծամասնության կարծիքն է, ապա իրավունք ունեն ԱԺ նիստում ներկայացնել և հավասարազոր՝ հիմնական և հարակից զեկուցողներն այս ուղղությամբ իրենց պատկերացումները ներկայացնեն: Այս ինստիտուտը մտադիր են նաև օգտագործել այլ մարմիններում ևս, այդ թվում՝ ՍԴ, դատական այլ ատյաններ   բողոքներ բերելու շրջանակներում:

«Երկու հարցով բերեցինք հատուկ կարծիք, մեկը  պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությանն էր առնչվում: Այս ոլորտում ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը վատ ավանդույթը շարունակելու և էլ ավելի վատացնելու սկզբունքի ներքո փորձում է այս գործիքն օգտագործել իբր ազգային անվտանգության շղարշի ներքո, բայց փաստացի քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց իրական հետապնդումներ, գաղտնալսումներ և այլ տիպի աշխատանքներ իրականացնելու ուժով:

Եվ այս օրենսդրությունը որոշակի ձևով օրինականացրեց օրվա քաղաքական իշխանության ցանկությունը: Երկրորդը դատախազության վերաբերյալ օրենսդրության փոփոխությունն էր, որտեղ նորից շարունակելով վատ ցանկությունների բավարարման մոտեցումը,  օրվա քաղաքական իշխանությունը անհասկանալի իրավունք վերապահեց Գլխավոր դատախազությանը, ողջ դատական համակարգին, որպեսզի նրանք ունենան Խորհրդային Միության ժամանակներին բնորոշ հսկողական գործառույթ, ինչը նշանակում է, որ Գլխավոր դատախազության և դատական համակարգի ձեռքում է կենտրոնանալու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում այն բոլոր անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելը, որոնք օրվա քաղաքական իշխանության ցանկությունները չեն բավարարում: Դա պետական շահ անվան տակ համայնքային շահի ներմուծումն է և դրանով պայմանավորված՝ նաև, այսպես կոչված, նոր վարույթներ հարուցելու իրավասության ստանալն է»,- նշել է  Արծվիկ Մինասյանը:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին, որ պաշտոնական Երևանը կարևորում է միջազգային մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում, Ստեփանակերտը և Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ, պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում այս մեխանիզմի շրջանակներում երկխոսությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունն այս վարքագիծը ներկայացնում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի  պատասխանատվությունից: Սա մերժելի և դատապարտելի վարքագիծ է: Ինչ վերաբերում է Արցախի ներգրավվածությանը, դա նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում: Բոլոր այն հայտարարությունները, թե իբր Արցախի ներկայացուցիչների հետ լավ է, որ նստեն, խոսեն, ձախողման է դատապարտված, որովհետև, եթե ի սկզբանե Ադրբեջանը արձանագրում է, որ չկա այդպիսի միավոր, և արցախահայությանը դիտում է  որպես Ադրբեջանի հասարակության կամ քաղաքացիների մի մաս՝ ազգային փոքրամասնությունների շրջանակներում հարցի քննարկման կոնտեքստում, դա նշանակում է, որ ձախողված է մեր պատկերացումներին համապատասխան որևէ միջազգային մեխանիզմի գործադրում»:

Տեսանյութեր

Լրահոս