Աննա Հակոբյանին չեն վստահո՞ւմ. «Իմ քայլը» հիմնադրամի գործերը վատ են
2018 թ. հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը» հեղափոխական «բրենդի» տակ հայտնված Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը, որն աչքի էր ընկնում միլիոնավոր դրամների՝ մեծամասամբ անանուն նվիրատվություններով, 2022 թվականին այդ հարցում չի ունեցել ցանկալի դինամիկա:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամը 2021 թվականից տնօրինում է Ազգային ժողովի նախկին իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նվիրատվությունների մասին
Դրանք ակնհայտորեն նվազել են 2020 թվականից հետո, գուցե այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո նվազել է նաև սփյուռքի վստահությունը ՀՀ իշխանությունների հանդեպ:
Այպիսով, ըստ հիմնադրամի կայքէջի, եթե նվիրատվությունները 2018 թվականին կազմել էին շուրջ 272 միլիոն դրամ, 1 միլիոն դոլար, 1 միլիոն ռուբլի և 2030 եվրո, 2019 թվականին՝ 756 միլիոն դրամ, 1.7 միլիոն դոլար, 2.9 միլիոն ռուբլի, 138 եվրո, 10 հազար ֆրանկ և 10 հազար կանադական դոլար, 2020 թվականին՝ 421 միլիոն դրամ, 288 հազար դոլար, 708 հազար ռուբլի և 3250 եվրո, ապա 2021 թվականին՝ 1.9 միլիոն դրամ, շուրջ 301 հազար դոլար, 0 ռուբլի և 3532 եվրո, իսկ 2022 թվականին՝ 126001 դրամ, 290 դոլար, 0 ռուբլի և 770 եվրո:
Նվիրատուներից մի քանիսի մասին՝ առավել մանրամասն
«Իմ քայլը» հիմնադրամի կայքէջում 2021-2023 թթ. նվիրատուների ցանկում կարող ենք տեսնել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը 10.000.000 դրամ է նվիրաբերել:
Այս կոմբինատը 2022 թվականին խոշոր հարկ վճարողների հարյուրյակում էր: ՓԲԸ-ն պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների էջերում՝ 2020 թվականին, օրինակ, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հինգ հանքային տեղամասերում 55 հանքափորներ գործադուլ էին անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, հանքափորի համազգեստի տրամադրում, հանքային տեղամաս հասնելու համար նախատեսված տրանսպորտի ապահովում, հանքում աշխատելու ժամանակ սննդով ապահովում, հանքում պայթեցումների համար աշխատավարձի տրամադրում, աշխատանքային գործիքների բարելավում, հանքում օդափոխության խնդրի լուծում:
2021 թվականին էլ տեղեկացել էինք, որ Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը որոշել են պաշտպանել դատարանում՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ ներկայացնելով դատական հայցեր: Հայցերի համար հիմք էին ծառայել հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտող ազդեցությունը կրող բնակիչներից վերցված, ինչպես նաև հարատև աղտոտման ենթարկվող տարածքներից վերցված հողի, ջրի և մթերքների նմուշների հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել էին 2018–2020թթ. քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպության կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մասնակցությամբ:
Հաջորդ նվիրատուն «Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ-ն է, որը հիմնադրամին է փոխանցել 1.000.000 դրամ: Այս ընկերությունը, ըստ Փաշինյանի ընտանեկան` «Հայկական Ժամանակ» կայքի նախկին հրապարակումների, պատկանում է իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ -ն էլ նվիրաբերել է 250.000 դրամ: Ընկերությունը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ որդուն՝ Միսակ Բալասանյանին:
Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը, որը մի քանի կուսակցություններ էր փոխել, հեշտորեն լեզու էր գտել նաև ՔՊ-ի հետ, ավելին՝ անցյալ տարի տեղեկություններ կային, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, գուցե Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս նշանակվի:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն փոխանցել է 2.000.000 դրամ: Հիշեցնենք՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցյալ տարի փետրվարին ընտրվել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։
2018 թվականից մինչ օրս նվիրատուների թվում են եղել նաև «Ինեկոբանկ», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ», «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»,«Արցախբանկ», «Ամերիա բանկ» ՓԲԸ-ները, Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները և այլն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք հիմնադրամի նվիրատվությունների «անանունության» սկզբունքին՝ և, օրինակ, նկատել, որ ըստ 2021-2022 թթ. նվիրատուների հրապարակված ցանկի՝ «Անանուն» նվիրատուները փոխանցել են շուրջ 152 միլիոն դրամ և 305.000 դոլար: Իսկ ոչ անանուն միակ խոշոր փոխանցում կատարողն օտարազգի Մոհամադ Մաքքին էր՝ 50.000 ԱՄՆ դոլար:
Նկատենք՝ լրատվամիջոցները հաճախ են բարձրաձայնել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշվետվողականության ու թափանցիկության խնդիրների մասին, և քանի որ ստեղծման օրից՝ 2018 թվականից սկսած, նվիրատուների ցանկում էին Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները, նաև միլիոնավոր դրամներ փոխանցող անանուն անձինք, հիմնադրամի գործունեությունը հաճախ մամուլում որակվել է «ռեկետ» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից: