Միլիոնավոր դրամների անանուն նվիրատվություններ, ընդհանրական հաշվետվություններ, կառավարության արտոնություններ. Աննա Հակոբյանի հիմնադրամի վազանցը

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պարզվում է, միայն Ֆեյսբուքում անհասկանալի գրառումներ անելու արհեստավարժություն չունի. տիկինը նաև կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում հսկայական գումարային հոսքեր ուղղել իր ղեկավարած հիմնադրամ: Վերջինի մասին՝ առավել մանրամասն:

Այսպիսով, 2018 թ. հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը» նորաստեղծ «բրենդի» տակ հայտնվեց ոչ միայն համանուն քաղաքական ուժը, այլև՝ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամը:

2021 թվականից «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է Ազգային ժողովի նախկին իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Կարդացեք նաև

2018-ից ի վեր՝ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Աննա Հակոբյանը, միլիոնավոր դրամների փոխանցումներ է ստացել:

Հետաքրքական է, որ խոշոր փոխանցումների գերակշիռ մասն «անանուն է»:

Օրինակ, ըստ 2021-2022 թթ. նվիրատուների հրապարակված ցանկի՝ «Անանուն» նվիրատուները փոխանցել են շուրջ 152 միլիոն դրամ և 305.000 դոլար:

Ոչ անանուն միակ խոշոր փոխանցում կատարողը Մոհամադ Մաքքին է՝ 50.000 ԱՄՆ դոլար: Հավանաբար այս նվիրատուն Մատենադարանին հրատարակչական ծրագրերի իրականացման նպատակով դրամական աջակցություն ցուցաբերած գործարարն է։ 

Ի դեպ, թե որտեղ են ուղղվում այս գումարները հարցի պատասխանը հիմնադրամի կայքէջում հրապարակվող հաշվետվություններում ընդհանրական է. ծախսերը ներկայացվում են ընդհանրացված, չկան արդյունքային կոնկրետ չափորոշիչներ:

Նկատենք, որ, բացի նվիրատվությունները, Աննա Հակոբյանի հիմնադրամին կառավարությունը ևս հաճախ է «երես տալիս» արտոնություններով. մարտ ամսին, օրինակ, «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել էր, որ նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:

Աննա Հակոբյանի հիմնադրամին այս ծրագրի շրջանակներում հերթական արտոնությունը տրվեց Կառավարությունից. 2022 թ. հունիսի 9-ին 403 Ա որոշմամբ՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 148 միլիոն 220 հազար դրամ ընդհանուր արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը որակվել էր բարեգործական և հետևաբար՝ օգտվելու է օրենքով նախատեսված հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

Ուշագրավ էր, որ այդ որոշման հավելվածում կրկին չկա ծախսերի մասին հստակեցում, ասել է թե՝ օրենքով սահմանված հաշվետվությունները մոտավոր էին, քանի որ ծրագրում ընդգրկված մասնակիցների սկզբնական թիվն անհայտ էր, ու պարզ չէր, թե քանի՞ հոգու համար է հիմնադրամը նախատեսում 24 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ ծառայություններն ու ապրանքների ձեռքբերումը, 4 միլիոն 840 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի ավիատոմսերի ձեռքբերումը, 16 միլիոն 390 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը և այլն:

Ի դեպ, այս տարվա մայիսի 17-ի մեկ այլ որոշմամբ էլ՝ բարեգործական էր որակվել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,020,872 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, սակայն՝ կրկին առանց հստակեցնելու, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին:

Եվ քանի որ պարբերաբար մտահոգություններ են հնչում հիմնադրամի հաշվետվողականության, ծախսերի, անանուն նվիրատուների մասին՝ Աննա Հակոբյանին հարկ է հիշեցնել իր հավակնոտ հայտարարությունը, թե՝ ««Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու ծախսված յուրաքանչյուր լումայի համար»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաճախ են բարձրաձայնել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշվետվողականության ու թափանցիկության խնդիրների մասին, և քանի որ ստեղծման օրից՝ 2018 թվականից սկսած, նվիրատուների ցանկում էին Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները, նաև միլիոնավոր դրամներ փոխանցող անանուն անձինք, հիմնադրամի գործունեությունը հաճախ որակվել է «ռեկետ» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս