
Արցախի իշխանությունների հետ բանակցություններում Ադրբեջանը ներկայացնում է Ռամին Մամեդովը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը կներկայացնի Ադրբեջանը Արցախի իշխանությունների հետ բանակցություններում. վերջինս նշանակվել է Արցախի իշխանությունների հետ կապերի պատասխանատու: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, սակայն, նրան ներկայացնում են՝ որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու», հենց այսկերպ են Արցախի իշխանությունների հետ երկխոսությունը ներկայացնում Ադրբեջանի իշխանությունները:
Ավելի վաղ Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության հայտարարությունից պարզ դարձավ, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր ևս հանդիպել են՝ ռուսական կողմի միջնորդությամբ:
Հաղորդագրության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է «Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը»։
Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
«Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման մասին հաղորդում է նաև ադրբեջանական կողմը՝ մանրամասնելով, որ այն կայացել է Խոջալուում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում։