Christian Post պարբերականի անդրադարձը շրջափակված Արցախին

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն է մատնանշում Christian Post պարբերականը։

Christian Post-ն անդրադառնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Պարբերականը ներկայացնում է CBN News-ի հարցազրույցը արցախցի Գայանե Բեգլարյանի հետ, որի 4-ամյա դուստրն ունի լյարդի քաղցկեղ: Արցախում հերթական բուժման հնարավորություն չունենալու պատճառով ընտանիքը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Երևան: Սակայն տարբեր հիվանդություններ ունեցող բազմաթիվ արցախահայեր դեռ շարունակում են զրկված մնալ անհրաժեշտ բուժօգնությունից:

Հոդվածի հեղինակը ներկայացնում է միջազգային հանրության արձագանքը շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը CBN News-ի եթերում հայտնել էր, որ Արցախում իրավիճակը չափազանց լուրջ է, կա ցեղասպանության վտանգ:

«Սա կարող է լինել ցեղասպանության հերթական փուլ, քրիստոնյաների ոչնչացում, քրիստոնյա ժառանգության ոչնչացում», – ասել էր Քերոլայն Քոքսը:

Պարբերականը հիշեցնում է, որ հունվարին «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և բարոնուհի Քոքսը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հայերի դեմ ևս մեկ ցեղասպանությունը:

Այնուհետև Christian Post-ն անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությանը, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմին, 2020 թ.-ի 44-օրյա պատերազմին, որի ավարտին կնքված հրադադարը, սակայն, չի հանգեցրել լարվածության թուլացման:

Տեսանյութեր

Լրահոս