
Հունաստանում գնացքներ են բախվել. կա 32 զոհ

Հունաստանի հյուսիսում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 32 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Գնացքների բախումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքի մերձակայքում: Սալոնիկից Լարիսա մեկնող ուղևորատար գնացքը, որում եղել է շուրջ 350 ուղևոր, բախվել է բեռնատար գնացքին:
Դեպքի վայրում աշխատել է շուրջ 150 հրշեջ և 40 շտապ օգնության մեքենա: Փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են՝ փորձելով դուրս բերել գնացքների ուղևորներին:
Առայժմ հայտնի չէ գնացքների բախման պատճառը:
Ականատեսները հայտնել են, որ բախումը շատ ուժգին է եղել: Մի քանի վագոններում անմիջապես հրդեհ է բռնկվել:
Ըստ փրկարարների՝ բախված գնացքների առաջին վագոններն ամբողջովին ջախջախվել են։