Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Քաշաթաղից տեղահանված բազմազավակ մայր է. նրան տրամադրվել է հանրային պաշտպան
Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին։
Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության, կինն իր մոտ եղած անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
«Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։
Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները»,- նշված էր ՔԿ հաղորդագրության մեջ։
Կինը՝ 47-ամյա Նարինեն, Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, նա թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից է, բազմազավակ մայր։
168.am-ի հետ զրույցում տիկին Նարինեի ամուսինը՝ Սուրիկը, ասաց, որ այս պահին ո՛չ ինքը, ո՛չ կինը չեն ցանկանում խոսել, այդպես իրենց խորհուրդ է տվել փաստաբաններից մեկը։
«Կինս փաստաբան չունի, հանրային պաշտպան է, մենք այս պահին որևէ հարցի չենք կարող պատասխանել, կինս տանն է արդեն»,- ասաց մեր զրուցակիցը։
168.am-ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանն ասաց, որ միջադեպից անմիջապես հետո, իմանալով, որ կինը Քաշաթաղից է, կապ է հաստատել ամուսնու հետ։ Միջադեպին արձագանքել է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Երեկոյան ամուսնու հետ խոսեցի, փոխանցեց, որ հնարավոր է՝ կնոջը մեղադրանք ներկայացնեն։ Չգիտեմ, ինչու է Նարինեն այդպես վարվել, ամուսնու հետ չեմ քննարկել, միայն տարբեր տեղերում կարդացի, որ պատճառը տունն է եղել։
Նարինեն Բերձորի կողքի համայնքից է եղել։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ եկել էր Հայաստան, չէր հարմարվել ու կրկին վերադարձել էր Քաշաթաղ, սակայն նախորդ տարվա ամառվանից հետո, երբ Բերձորը հանձնվեց, նա հաստատվել էր Մալիշկայում։
Վերջին բնակիչներին որ հանձեցին Բերձորից, նաև նրա ընտանիքն էր մեջը»,- շեշտեց Կարինե Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ փաստաբաններն ու իրավաբաններն այս պահին տիկին Նարինեի կողքին են, եթե փորձեն նրան կալանավորել, իրենք արդեն կհասկանան՝ ինչ քայլի պետք է դիմեն։