«Բնակիչների տարհանումը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 25-ը, այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն չունենք». Հայկ Խանումյան
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր Քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչներին տեղահանելու և օգոստոսի 25-ին այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ օգոստոսի 9-ին 168.am-ը մի քանի հարց էր ուղղել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին։
Մասնավորապես հետաքրքրվել էինք՝
1. Oգոստոսի 25-ից հետո Բերձորի, Աղավնոյի ու հարակից բնակավայրերի բնակիչներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, որտե՞ղ են նրանք ապրելու։
2. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ երեք տարվա ընթացքում պետք է պատրաստ լինի այլընտրանքային ճանապարհը, սակայն այսօր այն պատրաստ չէ, ինչո՞ւ է բնակչությունն այս պահին լքում Բերձորն ու Աղավնոն։
3. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՞ր կետով է նշված, որ հայերը պետք է դուրս գան Բերձորից։ Հայտարարությամբ նախատեսված է 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, արդյո՞ք սա ենթադրում է, որ հայերը պետք է լքեն Բերձորն ու Աղավնոն։
4. Ո՞րն է լինելու այլընտրանքային ճանապարհը, արդյո՞ք այն անվտանգ կլինի, օգոստոսի 25-ից հետո Հայաստանից Արցախ և Արցախից Հայաստան ի՞նչ ճանապարհով են հասնելու։
5. Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ հաջորդիվ Ադրբեջանը չի պահանջելու Ստեփանակերտը։
Հինգ կետից բաղկացած մեր հարցմանը Հայկ Խանումյանը պատասխանել էր միայն մեկ հարցի, այն ամբողջությամբ ներկայացնում ենք։
«Բերձորի, Աղավնոյի և հարակից բնակավայրերի բնակիչների տարհանումը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 25-ը, ընդ որում՝ տարհանված բնակիչների մի մասը ըստ իրենց ցանկության՝ բնակություն կհաստատի ՀՀ տարածքում, մի մասը՝ Արցախի տարածքում։ Նրանք օգտվում են և կօգտվեն աջակցության այն բոլոր ծրագրերից, որոնցից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տարհանված բնակիչները։
Մյուս հարցերի վերաբերյալ մեկնաբանություն չունենք»։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 5-ին Հայկ Խանումյանը գնացել էր Բերձոր քաղաք և բնակիչներին տեղեկացրել, որ պետք է մինչև օգոստոսի 25-ը դուրս գան Բերձորից, Աղավնոյից և ներքին Սուսից՝ այդ բնակավայրերը թշնամուն հանձնելու համար։