Ադրբեջանում հայերի հանդեպ հանցագործությունների հետաքննություն չի իրականացվում. Սիրանուշ Սահակյան
«Մեծ ջանքեր ենք գործադրում մարդու իրավունքների խախտումների արձանագրման համար»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ խիստ կարևորում է փաստահավաքությունը, և մեծ ջանքեր են գործադրում մարդու իրավունքների խախտումների արձանագրմանը ոչ միայն պատերազմի ընթացքում կամ հետպատերազմյան ժամանակաշրջանում, այլ նաև մինչև երկրորդ և երրորդ պատերազմը:
«Օրինակ՝ մեր ուշադրությունից չեն վրիպել 2000-ական թթ.-ից սկսած Ադրբեջանի կողմից սահմանային հատվածներում հայերի առևանգման, խոշտանգման և սպանության միջադեպերը, որոնք ըստ էության կատարվել են խաղաղ պայմաններում: Նույնկերպ չեն կարող ուշադրությունից դուրս գտնվել եվրոպական տարածքներում ադրբեջանցիների ներգրավմամբ հայերի իրավունքների խախտումները: Ուստի, որպես ուղղություն, որդեգրել ենք մարդու իրավունքների պայմանագրերին միանալուց հետո, երբ կան այդ փաստերի ստուգման անկախ մարմիններ, փաստագրել և միջազգայնորեն հաստատել, ճանաչել բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ: Մասսայական փաստագրումները հնարավորություն են տալիս նաև դուրս բերել օրինաչափություններ, դրանք չափազանց կարևոր են որպես պատմության մաս, և, ինչո՞ւ ոչ, դրանք ամրագրում են ազգի հավաքական հիշողությունը: Բավարար փաստերի առկայության պարագայում մենք կարող ենք հետամուտ լինել արդարադատությանը և վերականգնողական միջոցներին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ ունենք հինգ վերջնական դատական ակտ՝ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որոնցով արձանագրվել են կյանքի իրավունքների խախտումներ, խոշտանգման արգելքի խախտում, կամայական ազատազրկումներ:
«Բայց կարծում եմ՝ առավել արժեքավորն ազգային նպատակների տեսանկյունից խտրականության ամրագրումն է: Մեկ գործով՝ Գուրգեն Մարգարյանին առնչվող գործով, մենք ունենք խտրականությունը՝ որպես պետական քաղաքականության մաս, և այդ հանցավոր գործունեությունների կապը զոհի էթնիկ պատկանելիության հետ: Ինչ վերաբերում է մյուս գործերին, այստեղ առնվազն դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանն անպատժելիություն է շնորհում հանցագործներին, և Ադրբեջանում չի իրականացվում հայերի հանդեպ հանցագործությունների պատշաճ հետաքննություն, և խտրականության տարրը մնում է չուսումնասիրված, ինչը, կարծում եմ, լավ ելակետային տվյալ է, որպեսզի մենք միջազգային նաև հետաքննություններ ակնկալենք Ադրբեջանի կողմից այլ տարածքներում հայերի հանդեպ կատարված մարդու իրավունքների խախտումները միջազգայնորեն փաստագրելու, ուսումնասիրելու տեսանկյունից»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով, որ այս գործերը կարևոր են լինելու ՄԱԿ-ի գործընթացներում:
Նա հստակեցրեց, որ ՄԱԿ-ի գործընթացի գերխնդիրը հենց ռասայական քաղաքականության ամրագրումն է, որի պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք խտրականության ենթարկված էթնիկ խմբին խտրականության քաղաքականություն իրականացնող պետության սուվերենությանը ենթարկեցնելով՝ մենք չենք խախտում միջազգային իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում: