ՀՀ-ում պետք է արգելվի անցնել բանակցության մյուս փուլին, քանի ՄԱԿ-ի դատարանի վճիռը կատարված չէ. Արամ Օրբելյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը բացատրել է, թե ինչպես է գործում միջազգային իրավունքը, և ինչով է այն տարբերվում ազգային իրավունքից:
Առաջին՝ միջազգային իրավական համակարգը համարվում է պրիմիտիվ իրավական համակարգ. չկա այն իրավական պարտադրանքի գործիքակազմը, որը կա ցանկացած ազգային իրավունքի դեպքում: Երկրորդ՝ միջազգային իրավունքի առանձնահատկությունը նրանում է, որ ձևավորվում, կիրարկվում և օգտագործվում է միաժամանակ: Այսինքն, ազգային իրավունքի դեպքում խորհրդարանն ընդունում է օրենք, և ասում է՝ եթե հրապարակված չի, ապա չի գործում, իսկ միջազգային իրավունքի դեպքում այդ օրենքը գրում և կիրառում են միաժամանակ:
Արամ Օրբելյանը պարզաբանել է՝ միջազգային օրենքը պետությունների հարաբերությունները կարգավորող իրավունքն է: Ըստ այդմ՝ հարց հնչեցրեց՝ ի՞նչ ենք անում, որ մեր իրավունքները պաշտպանվեն:
«Վեճերի լուծման համար մեկ գործիքը բանակցություններն են, դատարանը միշտ 7-րդ, 8-րդ, 9-րդ կետում է լինում: Բանակցություններում դուք ի սկզբանե տանուլ տված կլինեք, եթե նստեք սեղանի շուրջ և ասեք՝ գիտեք, դուք ճիշտ եք ասում: Եկեք բանակցենք, բայց դուք ճիշտ եք ասում, որ ես ձեզ պետք է զիջեմ: Ձեր արգումենտները բոլորը ճիշտ են, իսկ ես արգումենտ չունեմ, բայց եկեք բանակցենք: Դա չի նշանակում բանակցել, դա նշանակում է՝ հանձնվել, կապիտուլյացիա, որը նույնպես միջազգային իրավական կարգավիճակ է, և այն ժամանակների համար, երբ ուժի օգտագործումը լինում էր օրինական: Այսինքն, երբ ուժի օգտագործումը վեճերի լուծման օրինական մեխանիզմ էր, երբ այդ օրինական մեխանիզմով վեճը լուծում էինք, դրանից հետո ով պարտվում էր, ասում էր՝ դու ճիշտ ես, հիմա ասա՝ ինչ անեմ: Այ դա կոչվում էր կապիտուլյացիա, կնքվում էր կապիտուլյացիայի մասին համաձայնագիր, որը նույնպես կարգավորում էր այս վիճակում հարաբերությունները»,- մանրամասնել է Արամ Օրբելյանը: Այնուհետև այս ամենը բերելով Արցախի հարցի լուծման կամ անկախության հիմնավորման հարթության դաշտ՝ շեշտել՝ Արցախն ունի անկախության կարգավիճակ, կամ Արցախը կարող է անկախանալ, այսինքն, բոլոր հանգամանքները կարելի է քննարկել, բայց խնդիրն այն է՝ ի՞նչ ֆորմատով, ի՞նչ գործիքակազմով և ինչի՞ համար:
Արդարադատության միջազգային դատարանն օրերս հրապարակել էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջի վերաբերյալ որոշումը: Հաագայի դատարանը, ըստ էության, մասամբ էր բավարարել հայկական կողմի պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությունով:
Արամ Օրբելյանի խոսքով, այո, դա մեծ իրադարձություն է, բայց եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի օգտագործումը, ապա այն դառնում է մի որոշում, որը հաստատում է Ադրբեջանի մոտեցումները: Ավելին, ըստ նրա՝ այն դառնալու է պարտություն մեզ համար, որովհետև դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու, որ ՀՀ-ն ունի դիրքորոշում այն մասին, որ Արցախն Ադրբեջանի մաս է:
Միջազգային իրավունքի մասնագետի գնահատմամբ, շատ կարևոր է նաև, որ ցանկացած արգումենտացիոն գիծ լինի տրամաբանական:
«Եթե որոշ մարդիկ խոսում են, որ Արցախը հանձնենք՝ ՀՀ-ն պահպանելու ցանկությամբ: Այս ձևակերպումն առաջին հայացքից շատ տրամաբանական է, դե հիմա Ադրբեջանը Արցախն է ուզում, այդ մասով ոնց որ թույլ ենք, Արցախը տանք, որ Հայաստանը պահենք: Բայց կանգ առնենք այստեղ. Ադրբեջանը նման բան ասե՞լ է, Ադրբեջանը ասե՞լ է՝ Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ: Ոչ, ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սյունիքը տվեք, Սևանը, Երևանը տվեք: Իսկ, թե էն մնացածը ինչի չի ուզում, ոչ ոքի մտքով չի անցել: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը և տեսնում ենք՝ մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում մնացածը, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, Թուրքիայինն է, դրա համար չեմ ուզում»,- շեշտել է Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ միջազգային իրավունքում ուժի օգտագործումն արգելված է, դա արգելքի հոդված է, ընդ որում, ոչ թե ինչ-որ պայմանական ձևակերպում է, այլ այն ունի նորմատիվ բազա:
Մանրամասները՝ տեսանյութում