«Վերջին զարգացումներից կարելի է ենթադրել՝ հայկական կողմը համաձայնել է մի շարք պահանջների՝ Կաշենի հանքի չշահագործում, Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկում…». Շիրազ Խաչատրյան

Երեկվանից Ադրբեջանը սկսել է հրադադարի խախտումներն Արցախի ուղղությամբ: Մասնավորապես, փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Իր հերթին՝ Ադրբեջանն արցախյան կողմին մեղադրել է Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՀՀ զինված ուժերին Տավուշի և նախիջևանյան թևում հրադադարի խախտումների համար: Ե՛վ ՀՀ ՊՆ-ն, և՛ Արցախի ՊԲ-ն հայտարարել են, որ Ադրբեջանի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ի՞նչ սպասել ադրբեջանական տեղեկատվական և ոչ տեղեկատվական ակտիվացումից արցախյան և հայաստանյան թևում:

168.amի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ մյունխենյան վերջին հանդիպումներից պարզ էր՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղանում են։

Կարդացեք նաև

«Ալիևն  իր խոսքով ցույց տվեց, թե ինչ պահանջներ են դրված Հայաստանի առաջ։ Չմանրամասնելով նրա ասելիքները, նշեմ, որ ուշագրավ է հատկապես Լաչինի միջանցքում և հայ-ադրբեջանական սահմանում անցակետերի տեղակայման հարցը, նաև Արցախում իր սրտով պաշտոնյա ունենալու խնդիրը։ Արցախում տեղի ունեցող պրոցեսներից և վերջին ընդհանուր զարգացումներից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը համաձայնել է մի շարք պահանջների՝ Կաշենի հանքի չշահագործման, Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկման և այլ հարցերի շուրջ։ Թե էլ ինչ փաթեթային պահանջներ կան, դեռևս այնքան էլ պարզ և տեսանելի չէ, իսկ կրակոցները հավանաբար հերթական մեսիջներ են` պահանջների իրագործման համատեքստում»,- ասաց նա:

Իսկ թե արդյո՞ք հնարավոր են ադրբեջանական ռազմական սադրանքներ արցախյան թևում, Տավուշի ուղղությամբ կամ Երասխի հատվածում, Շիրազ Խաչատրյանը պատասխանեց՝ իհարկե:

«Մյուս կողմից, սա կախված է նրանից՝ գլոբալ ինչ խնդիր են ուզում լուծել, այսինքն՝ Ադրբեջանն այս պահին ինչ է ուզում, Ռուսաստանը՝ ինչ: Երկրորդ՝ Թուրքիայի վիճակը ծանր է, և իր դիրքերն այստեղ պահելու համար հնարավոր է՝ իր մասին հիշեցնելու համար Ադրբեջանի ձեռքով ավանտյուրաների դիմի»,- հավելեց Շիրազ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս