«Ամուլսարը կշահագործվի, այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու». Վահան Քերոբյան
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Ներկայացնելով նախագծի մանրամասները, Վահան Քերոբյանը հանձնաժողովին խնդրեց նախագծի ընդունումը երկու ամսով հետաձգել, քանի որ նախատեսում են նոր լրամշակված տարբերակ բերել: Այնուհետև նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին, այս համատեքստում խոսեց հանքարդյունաբերության խնդիրներից։
«Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որ այն կարգավորումները, որոնք հեշտացնում են բիզնես անելը Հայաստանում, որքան հնարավոր է շուտ ընդունվեն, բայց նաև մենք հասկանում ենք, որ երկու ամսով նախագծի ընդունումը հետաձգելը…, սակայն որոշակի ոլորտներ կարգավորելը կարևոր է։ Այս որոշումը գործընկերների կողմից կոլեգիալ ընդունվել է, մենք չենք հապաղի, հնարավորինս արագ կբերենք լրամշակված տարբերակը։
Իհարկե, մենք այսօր խոսում ենք մշակվող արդյունաբերության մասին, դրա համար ես ասում եմ մշակվող արդյունաբերության թվերը։ Հանքարդյունաբերությունը, ճիշտն ասած, դուք գիտեք, որ մենք փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխենք այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ։ Այդուհանդերձ դուք պետք է իմանաք, որ հանքարդյունաբերության նվազումն ըստ էության տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով, այսինքն՝ Թեղուտի հանքավայրի, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները բոլորը հայտնվել են սանկցիայի տակ։ Այդ պատճառով, այդ ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր տնտեսական գործունեությունն իրականացնել, մենք աշխատում ենք իրենց հետ, որը թույլ կտա այնպիսի լուծումներ, որ հանքը վերաշահագործարկվի։
Ասեմ, որ հենց այօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց այսօր ժամը 17։00-ին մենք 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու ևս մեկ հանքի աշխատանքները վերսկսելու, որի վերաբերյալ վաղուց թույլտվությունը կար, դե, Ամուլսարն է»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում