Բաժիններ՝

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի 7 դասարան անվանակոչվեց ականավոր ստեղծագործողների անուններով

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի 100-ամյակին ընդառաջ մշակույթն արժևորող հովանավորների աջակցությամբ վերանորոգվել է քոլեջի նկուղային դահլիճը՝ անվանակոչվելով «Ռ. Մելիքյանի անվան համերգասրահ», ցուցադրության համար նախատեսված սրահը, որտեղ կներկայացվեն Մելիքյանի արխիվային նյութերը, լսարաններ, որոնք կրում են քոլեջի այն շրջանավարտների անունները, որոնք մեծ ներդրում են ունեցել հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի, երաժշտագիտության և երգչախմբավարության զարգացման գործում:

Փետրվարի 13-ին քոլեջը հյուրընկալեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, մշակույթի ոլորտի մի խումբ երախտավորների, որոնք շրջեցին նորոգված դասարաններում ու վայելեցին քոլեջի սաների կատարումները:

Դասարաններն անվանակոչվել են ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, երաժշտագետ, կոմպոզիտոր և կատարող Բորիս Սակկիլարիի, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովի, հայ դիրիժորական դպրոցի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Մանգասարյանի, անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Բաղդասարյանի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանի, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, քոլեջի բարձրագույն մասնագիտական խորհրդի պատվավոր անդամ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի անուններով:

Արմեն Բուդաղյանն ու Ռոբերտ Ամիրխանյանն իրենք բացեցին իրենց անվան դասարանների դռները:

«Ռոմանոս Մելիքյանի անունը մեզ համար շատ թանկ է: Նա եղել է մեր երաժշտական ստուդիայի, հետագայում կոնսերվատորիայի հիմնադիրը, կառույց, որից աճեց սիմֆոնիկ նվագախումբը, հետո օպերային թատրոնը, ֆիլհարմոնիկը: Նրա արած գործն ավելին է, քան կարծում ենք, և մենք պետք է արժանի լինենք նրան ու շարունակենք Մելիքյանի աշխատանքը»,-շեշտեց Արմեն Բուդաղյանն ու խոստովանեց՝ իր համար անսպասելի էր քոլեջում իր անվան դասարանի բացումը:

«Այն, որ բոլորս ժպտում ենք, որ տոնական տրամադրություն ունենք, արդեն հրաշալի է»,-ասաց Ռոբերտ Ամիրխանյանն ու պատրաստակամություն հայտնեց իր ներուժը, իմացությունը ծառայեցնելու ուսանողներին, որոնք պետք է ճիշտ ճանապարհով քայլեն, ոչ թե դեկորատիվիզմի:

Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանը նշեց՝ դասարաններում ստեղծվել է մթնոլորտ, որն ուսանողներին հնարավորություն կտա գնահատել մեծերի թողած ժառանգությունն ու դառնալ դրա կրողը:

«Վերջին երկու տարվա ընթացքում քոլեջում ստեղծվել են Ռոմանոս Մելիքյանի անվան երգչախումբ, փողային նվագախումբ, ջութակահարների անսամբլ, սիմֆոնիկ- էստրադային-ջազ մեծ նվագախումբ, ժողովրդական գործիքների անսամբլ: Կազմակերպվել են բազմաթիվ համերգներ և՛ մայրաքաղաքում, և՛ սահմանամերձ շրջաններում»,-նշեց տնօրենը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, շրջայցից հետո շնորհավորեց քոլեջի ուսուցիչներին, աշակերտներին, շրջանավատներին պանծալի հոբելյանի առթիվ:

«Մենք ունենք կառույցներ, որոնց գործունեությունն ու պատմությունը վերաճել են զուտ կրթական գործառույթից, կրթական իմաստից և ձեռք են բերել մշակութաբանական նշանակություն: Այս քոլեջը թրծարան է, որտեղից դուրս են գալիս մեր հոգևոր կյանքը հարստացնող, մեր մշակութային կյանքը զարդարող ստեղծագործողներ: Այն, ինչ սերմանվում է այստեղ, վճռորոշ դեր ունի հետագայում կրթական գործընթացների շարունակականության և պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու տեսանկյունից: Նման կառույցների գործունեությամբ ենք մենք մեզ կիրթ, քաղաքակիրթ հանրություն համարում, և ես ամբողջ սրտով մաղթում եմ քոլեջի ուսուցիչներին ուժ, համբերություն ու լավատեսություն»,-եզրափակեց Արա Խզմալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս