Ինչպե՞ս է լուծվելու առողջության ապահովագրության հետ կապված ամենավիճահարույց հարցը, և ո՞ւմ շահերն է փորձում սպասարկել կառավարությունը

Օրերս կառավարությունը հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, որը բնակչության որոշ խավերի համար կսկսի գործել արդեն հաջորդ տարվանից։

Համակարգի ներդրման վերաբերյալ քննարկումները վաղուց են սկսվել, սակայն տարբեր պատճառներով դրա կիրառումն անընդհատ հետաձգվել է։ Հիմա կառավարությունը որոշել է այլևս չսպասել «լավ ժամանակներին» ու սկսել համակարգի ներդրումը, չնայած դրա հետ կապված բազմաթիվ մտահոգություններ այսօր էլ շարունակում են նույնքան արդիական լինել։ Որոշ դեպքերում կառավարությունը կարծես փորձել է լուծումներ գտնել, բայց ինչպես ասում են՝ հոնքը սարքելու տեղը, աչքն էլ է հանել։

Առողջության պարտադիր ապահովագրության հետ կապված ամենավիճահարույց խնդիրներից մեկը միշտ էլ եղել է ապահովագրավճարը։

Մինչև վերջերս քննարկվում էր, որ դա պետք է լինի աշխատավարձից որոշակի տոկոս վճարելու տեսքով։ Խոսքը 4-6 տոկոսի մասին էր։ Բայց քանի որ այն բավական ծանր բեռ է շատերի համար, այդ գաղափարը ժամանակին բուռն հակազդեցության արժանացավ։

Դրան դեմ էին հատկապես բարձր աշխատավարձ ստացողները։ Բարձր աշխատավարձերի պարագայում 4 կամ 6 տոկոսը բավական շոշափելի գումար է, իսկ մարդիկ հակված չեն հեշտ բաժանվել իրենց գումարներից։

Հնարավոր դժգոհություններից խուսափելու և բարձր եկամուտներ ստացողներին չնեղացնելու համար կառավարությունը գտել է այն շրջանցելու ճանապարհը՝ որոշել է հիմնովին փոխել ապահովագրավճարների գոյացման նախկինում առաջարկվող մոտեցումը։ Ճիշտ այնպես, ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո փոխեց կենսաթոշակային ֆոնդերի վճարումների կառուցվածքը և բեռը տեղափոխեց պետության վրա՝ որոշ ոլորտներում բարձր աշխատավարձեր ստացողներին չնեղացնելու համար։

Նույն տրամաբանության մեջ ժամանակին ներդրեց նաև համահարթ եկամտային հարկը, որը դարձյալ բխում էր բացառապես բարձր աշխատավարձեր ստացողների շահերից։

Առողջության ապահովագրավճարների պարագայում ևս կառավարությունը որոշել է առաջնորդվել նույն սկզբունքով. հրաժարվել է աշխատավարձերի վրա որոշակի ստանդարտ տոկոսադրույք դնելու գաղափարից։

Այլ կերպ, կրկին առաջնորդվել է բարձր աշխատավարձ ստացողների շահերը պաշտպանելով, չնայած սոցիալական առումով նախկին մոտեցումը շատ ավելի արդար էր, շատ եկամուտներ ստացողից՝ շատ, քիչ եկամուտներ ստացողից՝ քիչ։

Բայց կառավարությունը գնացել է այլ ճանապարհով։ Այնպես, ինչպես գնացել էր մինչև հիմա։

«Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները։ Դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք և կորոշվի պետության կողմից համաֆինանսավորումը»,- ասում է առողջապահության նախարարը։

Սա ըստ էության նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր եկամուտներից պետք է վճարի՝ ապահովագրական այդ փաթեթը ձեռք բերելու համար։ Որոշ դեպքերում կառավարությունը կարող է համաֆինանսավորում տալ, բնականաբար, պետական բյուջեի միջոցների հաշվին։

Այնինչ՝ աշխատավարձի վրա համահարթ տոկոսադրույք կիրառելու պարագայում բոլորովին այլ կլիներ, քիչ կլինեին նաև պետական բյուջեի ֆինանսական կորուստները՝ նույն տոկոսադրույքի սահմաններում բարձր աշխատավարձ ստացողն անվանական արտահայտությամբ անհամեմատ ավելի մեծ գումար կվճարեր, քան ցածր աշխատավարձ ստացողը։

Ենթադրենք՝ մեկը ստանում է 100 հազար, մյուսը՝ 1 միլիոն դրամ։ 4 տոկոս ապահովագրավճար կիրառելու դեպքում առաջինը կվճարեր 4 հազար, երկրորդը՝ 40 հազար։

Տարեկան կտրվածքով 100 հազար դրամ ստացողի կողմից կատարված ապահովագրավճարը կկազմեր 48 հազար, իսկ 1 մլն դրամ ստացողինը՝ 480 հազար դրամ։

Տարբերությունը մեծ է, բայց դա է ենթադրում սոցիալական արդարությունը։

Այնինչ՝ կառավարությունը որոշել է այլ ուղիով գնալ և այնպես անել, որ բարձր եկամուտներ ունեցողները հնարավորինս քիչ մասնակցություն ունենան այս համակարգի ներդրման գործում։

Ապահովագրավճարի այն սկզբունքը, որը կառավարությունը պատրաստվում է կիրառել, բերելու է նրան, որ ապահովագրական փաթեթի ձեռքբերումը մեկի վրա նստելու է՝ աշխատավարձի ընդհուպ 10-15 տոկոսի, մյուսի վրա՝ 0,5-1 կամ 2 տոկոսի չափով։

Որքան բարձր լինի աշխատավարձը, այնքան տոկոսը ցածր կլինի, և՝ հակառակը։

Ապահովագրական 100 հազար դրամանոց փաթեթը գնելու համար 1 մլն դրամ աշխատավարձ ստացողն ամսական կվճարի աշխատավարձի 1 տոկոսից էլ պակաս գումար։ Մինչդեռ 100 հազար ստացողը ստիպված կլինի վճարել աշխատավարձի առնվազն 8,3 տոկոսը։ Եթե ապահովագրական փաթեթի արժեքը լինի, ենթադրենք՝ 150 հազար դրամ, մասնաբաժինն ավելի կբարձրանա և կհասնի աշխատավարձի 12,5 տոկոսին։

Հաշվի առնելով այն, որ մեր երկրում աշխատող քաղաքացիների մի մեծ զանգված ստանում է նույնիսկ 100 հազար դրամից ցածր աշխատավարձ, նրանք ընկելու են հենց այսպիսի հարվածի տակ։ Փոխարենը՝ բարձր եկամուտներ ստացողներն անհամեմատ ավելի թեթև բեռ են կրելու՝ առողջության պարտադիր ապահովագրության ներդրման արդյունքում։

Պարզ չէ, թե ո՞րն է նրանց նկատմամբ կառավարության այսպիսի հոգածության պատճառը։ Գուցե և այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ևս բարձր աշխատավարձեր են ստանում։

Առողջության ապահովագրության ներդրման հետ կապված, սա, իհարկե, միակ խնդիրը չէ։ Բայց շատ խնդիրներ բխում են հենց դրանից. մեր հասարակության մի զգալի հատված պատրաստ չէ ստանձնել պարտադիր ապահովագրության բեռը՝ ցածր եկամուտների պատճառով։ Որքան էլ համարենք, որ դա կարևոր գործիք է, որպեսզի սոցիալապես անապահով խավը կարողանա օգտվել բժշկական ծառայություններից, շատերն այսօր ի վիճակի չեն իրենց եկամուտներից թեկուզ չնչին մասհանումներ անել դրա համար։

Առողջության ապահովագրությունը մեկնարկելուց առաջ շատ կարևոր է լուծել նաև այն խնդիրները, որոնք այսօր կան առողջապահության համակարգում՝ սկսած առաջարկվող ծառայություններից, մատուցման ձևից ու սպասարկման որակից, վերջացրած տարրական մարդկային վերաբերմունքով։ Առողջապահության համակարգն այսօր պատրաստ չէ վերցնել այդպիսի բեռ։ Վերջում ստացվելու է այնպես, որ մարդիկ ապահովագրության անվան տակ վճարելու են, բայց ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն ստանալու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս