Արցախում այս պահին գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, որոշ դեպքերում էլ դադարեցված են. Հրանտ Սաֆարյան
Արդեն 62-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են և սրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր են հրապարակել, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների կողմից, 120 հազար արցախահայերի կտրել են իրենց կյանքի միակ ճանապարհից։ Շրջափակումն իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, Արցախը հումանիտար աղետի շեմին է, հատկապես, երբ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան։
168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե շրջափակումն ի՞նչ խնդիրներ է առաջացրել գյուղոլորտում և ինչպե՞ս են հաղթահարում դրանք։
– Պարոն Սաֆարյան, արդեն 62-րդ օրն է՝ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, շրջափակման պայմաններում ինչպիսի՞ն է պատկերը գյուղատնտեսության ոլորտում։
– Գյուղատնտեսության ոլորտի վրա ադրբեջական կեղծ բնապահպանական ակցիան, որը հանգեցրել է Արցախի լիակատար շրջափակման, բնականաբար, ամենաբացասական ձևով է ազդել: Այս պահին այստեղ բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նախատեսվածից զգալիորեն քիչ ծավալներով, իսկ որոշ դեպքերում էլ դադարեցված են:
– Ստեղծված իրավիճակում հիմնական ի՞նչ խնդիրների է բախվել գյուղոլորտը։
– Բուսաբուծության ոլորտում բախվել ենք՝ գարնանացան մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, իսկ անասնաբուծության ոլորտում՝ հատիկային և խտացրած կերերի ներկրման հետ կապված խնդիրների հետ:
Խոչընդոտներ կան ջերմոցաշինության բնագավառում, քանի որ կառուցման համար անհրաժեշտ նյութերը մեծամասամբ ներկրվում են, ինչն այս իրավիճակում անհնար է:
Հատկապես խնդրահարույց է դարձել հանրապետությունում վառելիքի սակավությունը, ինչի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները:
Ներկա փուլում բոլոր նշված խնդիրները դեռևս ստացվում է մասնակիորեն լուծել պետական պահուստային պաշարների հաշվին, բայց շրջափակման շարունակման պարագայում իրավիճակն էլ ավելի կվատթարանա:
– Ադրբեջանական կողմը ճանապարհը փակելուն զուգահեռ՝ անջատում է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, նման պայմաններում ինչպիսի՞ն է ջեմրոցային տնտեսության վիճակը։
– Նախ նշեմ, որ Արցախում գործող ջեռուցվող ջերմոցների թիվը զգալիորեն զիջում է չջեռուցվողների թվին, բայց գազամատակարարման և էներգամատակարարման խափանումների պատճառով եղած ջեռուցվող ջերմոցները զգալիորեն տուժում են: Արդեն ունենք սածիլների և նույնիսկ չհասունացած բերքի ցրտահարման դեպքեր, ինչը տնտեսավարողներին և՛ նյութական, և՛ հոգեբանական հարված է հասցրել՝ այն առումով, որ ջերմատնային տնտեսությամբ զբաղվողները խուսափում եմ իրենց չջեռուցվող ջերմատները կահավորել ջեռուցման արդի համակարգերով՝ մտավախություն ունենալով, որ գազի խափանումների հետևանքով կունենան բերքի կորուստ: Այսինքն, ջերմոցային տնտեսության վարումն այլևս լրացուցիչ ռիսկեր է պարունակում Արցախում:
Պետք է ասեմ նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարությունը, եղած սուղ հնարավորությունների սահմաններում, փորձում է օգնել ջերմատնային տնտեսություն վարող անհատներին՝ տրամադրելով վերջիններիս որոշակի քանակությամբ վառելիք ձեռք բերելու հնարավորություն՝ գազի խափանման պայմաններում ջերմոցներում կայուն ջերմաստիճան ապահովելու նպատակով:
– Արդյո՞ք այս ամենը բերել է գյուղմթերքի, այդ թվում՝ մսամթերքի գների աճի։
– Տեղական արտադրության բուսաբուծական մթերք այս պահին վաճառքի չկա կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծված իրավիճակում գյուղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու և որպես սերմացու օգտագործելու նպատակով:
Առկա է միայն կանաչեղեն, լոբի, դդում, որոշ պտղատեսակներ, տեղական վերամշակող ընկերությունների կողմից արտադրված պահածոների բավականին լայն տեսականի, կաթնամթերք, որոնց գներն աճել են՝ վերավաճառողների անբարեխղճության պատճառով, ոչ թե՝ անմիջական արտադրողի:
Մսի շուկայում, սեզոնայնությամբ պայմանավորված, նկատվում է տավարի և թռչնի մսի սակավություն: Գների առումով, ըստ հարցումների, հատուկ աճ չի գրանցվել:
– Արցախն ապաշրջափակելուց հետո, ճգնաժամային կառավարման ինչպիսի՞ մեխանիզմներ եք մշակել ոլորտի համար։
– Արցախի շրջափակումը պատճառ դարձավ, որպեսզի արմատապես վերանայվեն առկա ոռոգովի տարածքների այս կամ այն մշակաբույսերի տակ օգտագործման նպատակահարմարությունը՝ նախապատվությունը տալով պարենային մշակաբույսերին, նախկին՝ տեխնիկական կուլտուրաների փոխարեն:
Աջակցության ծրագրերով կսահմանվեն բնակչության կողմից առավելապես մեծ պահանջարկ ունեցող մշակաբույսերի մշակությունը խթանող դրույթներ ու համապատասխան ֆինանսական սանդղակներ:
Ու ընդհանրապես, ապաշրջափակման պարագայում Արցախում նախատեսվում է լայն թափով իրականացնել գարնանացան՝ շեշտը դնելով բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության վրա:
Անասնաբուծության ոլորտում կշարունակվի կենդանիների մսուրային պահվածքի խթանումը՝ անասնաբուծական նշանակության շենք-շինությունների, դրանց պայմանների արդիականացման, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, կայուն կերային բազայի ստեղծման և մի շարք այլ միջոցառումների հաշվին: