Բաժիններ՝

Ո՞րն է «Խաղաղաշինական կրթություն» ձեռնարկի նպատակը. Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի պարզաբանումը

Օրերս 168.am-ին ահազանգել էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի աշխատակից Վանո Կարապետյանը, որ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ որպես օժանդակ ձեռնարկ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար՝ ուղարկվել է «Խաղաղաշինական կրթություն» ձեռնարկը։

Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը:

Փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ից (ԿԶՆԱԿ) և մասնավորապես պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս ձեռնարկը։

Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ Խաղաղաշինական կրթության «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկը մշակվել է նոր չափորոշիչների վերջնարդյունքների հիմքով՝ հնարավորություն տալով ուսուցչի ձեռքի տալ ունենալ ևս մեկ ուսումնաօժանդակ նյութ իր դասավանդման գործընթացն առավել արդյունավետ և կարողունակությունների վրա հիմնված կրթության մոդելի հիմքով կազմակերպելու համար։ Ձեռնարկը ներառում է տեսական բովանդակություն ուսուցչի համար, ինչպես նաև գործնական աշխատանքների և վարժությունների տարատեսակ օրինակներ և մեթոդներ, որոնք կօգնեն նշված բովանդակությունը հեշտությամբ մատուցել սովորողին։ Բովանդակային առումով ձեռնարկը բաժանվում է երեք մեծ գլուխների՝ կոնֆլիկտ, իրավունք, պետություն և քաղաքականություն։

Կարդացեք նաև

«Ընդգծենք, որ բովանդակության ստեղծման ժամանակ հիմք են ընդունվել հասարակագիտություն առարկայի 7-9-րդ դասարանների առարկայական վերջնարդյունքները։ Մասնավորապես, ձեռնարկի բովանդակությունը ուղղակիորեն նպաստում է ներքոհիշյալ չափորոշիչային վերջնարդյունքներն ապահովելու գործընթացին՝ բացատրի և հիմնավորի անձի առանձնահատկությունները և հասարակական կյանքի օրինաչափությունները, մեկնաբանի և հիմնավորի սեփական հույզերը, ցանկությունները, կարիքները, սեփական յուրահատկություններն ու հակումները, թվարկի մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում, բացատրի ազատության, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, քաղաքացիություն, իրավունքներ և պարտականություններ հասկացությունները։

Ավելին, կոնֆլիկտ թեման դեռևս ներառված է «Ես և շրջակա աշխարհը» առարկայի չափորոշիչային վերջնարդյունքներում, մասնավորապես՝ ցուցաբերել արդյունավետ շփման, կոնֆլիկտները խաղաղ կարգավորելուն ուղղված վարքագիծ։

Կոնֆլիկտ թեմայի վերաբերյալ ձեռնարկում ներկայացված բովանդակությունը կոնֆլիկտը դիտարկում է տարբեր հարթություններում՝ ներանձնային, միջանձնային, միջխմբային, միջպետական և տարբեր մեթոդների կիրառմամբ ներկայացվում է, թե ինչպես է հնարավոր լուծել կոնֆլիկտները, որոնց մեջ սովորողը հայտնվել է։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ձեռնարկի բովանդակությունն առավելապես շեշտադրում է ներանձնային և միջանձնային կոնֆլիկտները և նրանց հաղթահարման մեթոդները»,- նշված է ԿԶՆԱԿ-ի պարզաբանման մեջ:

Կենտրոնը նաև պարզաբանել է հանրության շրջանում քննարկվող՝ «Խաղաղաշինական կրթություն» ձևակերպման և առարկայի բուն նպատակը, որն է՝ սովորեցնել, թե ինչպես լուծել կոնֆլիկտն (հակամարտություն) առանց բռնության, հարգել կյանքի և իրավունքների բոլոր ձևերը և ներգրավվել խաղաղության կառուցման մեջ քաղաքացիական գործունեությամբ:

Նրանց փոխանցմամբ, այն նաև օգնում է սովորողներին՝ գնահատել միջմշակութային բազմազանությունը, յուրացնել խաղաղ մասնակցության հմտություններ և պատկերացնել ապագան առանց պատերազմի, չի պարունակում որևէ հակապետական բովանդակություն, համապատասխանում է չափորոշիչային վերջնարդյունքներին և, ավելին, սովորողներին տալիս է 21-րդ դարի հմտություններ՝ արագ զարգացող այս աշխարհում ճկուն լինելու, վերլուծելու ունակությունը զարգացնելու և գիտելիքով զինվելու՝ ավելի մրցունակ լինելու համար։

«Ի լրումն ասվածին՝ «Սահմանաբնակ երիտասարդների ներուժից բացահայտում» ՀԿ աշխատանքային թիմը նշում է, որ «հայրենասիրությունը մեր ընկալմամբ դպրոցահասակ սովորողներին պատմական, իրավական և կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ այնպիսի գիտելիքներով զինելն է, որ թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջազգային ասպարեզներում կարողանան իրենց պետության շահը առավելագույնս ներկայացնել, հիմնավորել և պաշտպանել»,- նշված է պարզաբանման մեջ:

Հետաքրքրվեցինք՝ ձեռնարկը ո՞ր մարզերում է բաժանված, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ից հայտնեցին, որ իրենք դրանով չեն զբաղվում, իրենք եզրակացություն են տալիս որևէ փաստաթղթի վերաբերյալ՝ հայտնելով, թե այն համապատասխանո՞ւմ է չափորոշչին, թե՞ ոչ:

Հավելենք, որ, օրինակ, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ մեզ հայտնեցին, որ նման ձեռնարկ չեն ստացել, տեղյակ էլ չեն դրա մասին, քանի որ կամ շրջաբերական են ստանում, կամ զանգում, ասում են, որ այս կամ այն ձեռնարկը, նյութը բաժանվում է, կարող են մոտենալ և ստանալ:

Ի դեպ, քանի որ ուսուցչի ձեռնարկը պարտադիր գրականություն չէ, և եթե որևէ դպրոց ձեռք բերի այն, այդուամենայնիվ ուսուցիչն ազատ է ընտրելու իրենց տրվող ձեռնարկներից որևէ մեկը՝ ըստ իր նախասիրության։

Տեսանյութեր

Լրահոս