«Թուրքիայի երկրաշարժն արևելա-անատոլիական բեկվածքի ծնունդ է, կարող է առաջացնել 8-11 և ավելի մագնիտուդով երկրաշարժ. այն շրջանցում է Հայաստանը». Սերգեյ Նազարեթյան
Փետրվարի 6-ին Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով գրանցվել են մեծ թվով զոհեր և վիրավորներ, նրանց մեջ կան նաև հայեր։
Երեկ թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «Վերջին տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը 7,7 բալ էր։ Սա Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենախոշոր բնական աղետն է»։
Այսօր արդեն Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազեցման դեպարտամենտի ղեկավար Օրհան Թաթարը տեղի հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3 381-ի, ավելի քան 20 հազար մարդ տուժել է, ավերվել է 5 775 շենք, տեղեկություն են ստացել ևս 11 հազար շինությունների վնասվելու մասին։ Ի դեպ, Թուրքիայում երկրաշարժի առաջին հարվածի պահից հետո գրանցվել է 285 ստորգետնյա ցնցում, որոնց մեծ մասը՝ 3-6 մագնիտուդի։
168.am-ի հետ զրույցում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը խոսելով Թուրքիայում գրանցված երկրաշարժի, հետցնցումների ուժգնության և դրա հետևանքով Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգների մասին՝ նշեց.
«Թուրքիայի երկրաշարժն առաջացել է արևելա-անատոլիական բեկվածքի վրա, բեկվածքի ծնունդ է այդ երկրաշարժը, որը կարող է առաջացնել 8-11 բալ և ավելի մագնիտուդով երկրաշարժ։ Այդ բեկվածքը բավականին հայտնի է, բարեբախտաբար, ՀՀ տարածք չի մտնում այն, շրջանցում է Հայաստանը, դուրս է գալիս Վրաստանով դեպի Հյուսիսային Կովկաս։ Այսինքն՝ այն որպես գեներատոր, երկրաշարժ ծնող երկրաբանական կառուցվածք՝ շրջանցում է Հայաստանը։
Մյուս խոշոր բեկվածքը՝ հյուսիս-անատոլիականը, որն ավելի խոշոր երկրաշարժ է ծնում՝ 8 մագնիտուդից ավելի, նույնպես ՀՀ տարածք չի մտնում՝ Թավրիզից գալիս է, Վանա լճի հյուսիսով գնում է դեպի Տրապիզոն, Ստամբուլի կողքով մտնում է Էգեյան ծով։ Այս բեկվածքը ծնում է 11 բալանոց երկրաշարժ՝ մագնիտուդը մինչև 8 և ավելի»,- նշեց Սերգեյ Նազարեթյանը։
Մասնագետի փոխանցմամբ՝ Հայաստանի բեկվածքները, մասնավորապես՝ Փամբակ-Սևանինը, որը համարվում է ամենասեյսմաակտիվը ՀՀ տարածքում, կարող է ծնել մինչև 7-8 մագնիտուդ երկրաշարժ։
«Մասնագետները հաշվարկել են, դրա համար մեթոդներ կան, դրանից ավելի ՀՀ տարածքում երկրաշարժ լինել չի կարող։
Թուրքիայի երկրաշարժը Հայաստանի տարածքում չի կարող հարուցել ուժեղ երկրաշարժ, հավանականությունն աննշան է։ Մենք մեր հանրապետության տարածքում ունենք մինչև 10 բալ ուժգնությամբ երկրաշարժի վտանգ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ երկրաշարժից հետո ցնցումները որքա՞ն կարող են տևել և ի՞նչ ուժգնությամբ, Սերգեյ Նազարեթյանը պատասխանեց, որ երկրաշարժը հիմնական ցնցումը չէ միայն, ավելի երկար է տևում հետցնցումների փուլը, որն էլ բաժանվում է երկու մասի։
«Առաջիննն ակտիվ փուլն է, որը տևում է 1-2 տարի, երկրաշարժերի մեծ մասի հետցնցումները տեղի են ունենում 2 տարվա ընթացքում, սակայն հետագայում տասնյակ տարիներ հետցնցումները կարող են շարունակվել։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետցնցումներն առ այսօր շարունակվում են։ Եթե մագնիտուդը բարձր է, ապա հետցնցումների փուլի տևողությունն ավելի մեծ կարող է լինել։ Սովորաբար հիմնական ցնցումից անմիջապես հետո՝ 20 րոպեի ընթացքում, լինում է առաջին ուժեղ հետցնցումը, բայց դա պարտադիր չէ։
Եթե հետցնցման հիմնական ուժը չի գերազանցում երկրաշարժի ուժին, ապա այն համարվում է հետցնցում, առավել ևս, որ այն նույն երկրաշարժի հիմնական օջախային գոտում է։ Իսկ Թուրքիայի երկրաշարժի օջախային գոտին մոտ 270 կմ ձգվածություն ունի բեկվածքի ուղղությամբ, իսկ լայնությունը 50 և նույնիսկ 60 կմ կարող է լինել։ Ուրեմն՝ գնալով հետցնցումների ուժը պիտի մարի, բայց հնարավոր է՝ 1-2 տարի թույլ ցնցումներ լինեն, հետո հայտնի զգացվող ուժեղ երկրաշարժ՝ 6-7 բալանոց։ Սա բնական պրոցես է, որևէ մեկը չի կարող կանխատեսել, օրինաչափությունն այն է, ինչ ես ասացի՝ հետցնցումային գործընթացները կտևեն մոտ 2 տարի, իսկ առհասարակ հետցնցումային գործընթացները կարող են տևել տասնյակ տարիներ»,- եզրափակեց Սերգեյ Նազարեթյանը։