Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենախոշոր բնական աղետն է, հայտնի չէ՝ որքան կարող է աճել զոհերի և վիրավորների թիվը․ Էրդողան

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, ավելի քան 5,3 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ելույթ ունենալով թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մանրամասներ ներկայացնելով Էրդողանի հրատապ ելույթից։

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը 7,7 բալ էր։ Սա Թուրքիայում 1939 թվականից ի վեր ամենախոշոր բնական աղետն է։ Զոհերի թիվը կազմել է 912 մարդ, վիրավորվել է 5385 քաղաքացի, ավերվել է 2818 շինություն»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ այս պահին «հայտնի չէ, թե որքան կարող է աճել զոհերի և վիրավորների թիվը», քանի որ «բոլոր շրջաններում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են»։

«Փլատակների տակից փրկվել է 2470 մարդ: Եվս տասը նահանգապետ այլ մարզերից տեղափոխվել են երկրաշարժից տուժած 10 նահանգներ՝ օգնելու և համակարգելու աշխատանքը [տեղական ղեկավարության հետ]: 9000 մարդ ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներում»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան երկրաշարժի հետևանքները վերացնելու համար օգնության առաջարկներ է ստացել 45 երկրից։ «Մենք ստանում ենք միջազգային օգնության առաջարկներ, բացի ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից, մենք օգնության առաջարկներ ենք ստացել 45 երկրներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր՝ 13:24-ին, տեղի ունեցավ երկրորդ 7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում և Սիրիայում։ Մի քանի րոպե անց հաջորդեց հերթական ցնցումը, որի ուժգնությունը գնահատվում է 5,9 մագնիտուդ։ Իսկ ժամը 13:51-ին սեյսմոլոգները 5,4 մագնիտուդով ցնցում են գրանցել արևելյան Թուրքիայում։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Անկարայում և նրա շրջակայքում։

SANA պետական ​​գործակալությունը հաղորդում է նաև Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում նոր ցնցումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս