Խաղաղության մուրացկանություն, նշանաբանը՝ նահանջ. սեփական կաշին փրկելու փրկօղակը՝ Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածությունն Արևմուտքի միջոցով. Վարդան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
Վարդան Պողոսյանն առաջին կրթությամբ միազգայնագետ-քաղաքագետ է, սովորել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (МГИМО) և Գերմանիայում՝ Բոննի համալսարանում՝ քաղաքագիտություն և իրավունք մասնագիտացումներով։
Նա ժամանակին, որպես իրավախորհրդատու, ի թիվս այլ իրավաբանների, ներգրավված է եղել Արցախյան հիմնախնդրի բանակցային փաստաթղթերի քննարկման և ձևավորման աշխատանքներում։ Նա նաև 2015 թվականի հանրաքվեով ընդունված Սահմանադրության համահեղինակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է եղել։
Զրույցի ընթացքում նա նշել է.
- Հայաստանի պարտականությունն է՝ լինել Արցախի անվտանգության երաշխավորը՝ ՀՀ սահմանադրությամբ և հռչակագրով: «Արցախի հայություն» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախի սուբյեկտայնությունից:
- Գործող իշխանությունների պաշտոնական լեքսիկոնում այլևս չկա «Արցախի հանրապետություն» ձևակերպումը:
- Իհարկե, մենք դե յուրե չենք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց դե ֆակտո՝ ճանաչել ենք:
- Նախկինում ՀՀ դիվանագիտությունը ճիշտ ճանապարհով էր ընթանում, երբ բանակցությունների ընթացքում չէր ճանաչում Արցախի Հանրապետության դե յուրե անկախությունը, հակառակ դեպքում դա կարող էր վնասել դե ֆակտո անկախությանը: Այսօր, երբ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Արցախի հարցով բանակցություններից, պատեհ պահն է՝ դե յուրե ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, մինչդեռ այսօրվա իշխանություններն ակնհայտորեն նման քայլի չեն գնա:
- Ադրբեջանը ռադիկալ դիրքորոշում է որդեգրել, նման պայմաններում, երբ չկա ուժերի հավասարակշռություն, խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, ՀՀ իշխանությունները խաղաղության մուրացկանություն են անում: ՀՀ գործող կառավարության նշանաբանն է՝ նահանջել:
- ՀՀ իշխանությունները խաղաղության օրակարգ են թմբկահարում մեկ նպատակով, որպեսզի մարդկանց հրամցնեն, թե չարժե մեծ բաների մասին մտածել, բավարարվեք 29800 քառակուսի կիլոմետրը պաշտպանելով:
- Խաղաղության օրակարգի ջատագով է Արևմուտքը, նրանց համար Արցախի հարց գոյություն չունի: Արևմուտքին մեկ հարց է հետաքրքրում՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին:
- Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի բարեհաճ չեզոքությունն ապահովելուն: Ռուսաստանի դերը երկակի է, մի կողմից՝ ունեն խաղաղապահ ուժեր, մյուս կողմից՝ տեսնում են, որ Հայաստանի կառավարությունն Արցախը պահելու մտադրություն չունի:
- 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում ստորագրելով քառակողմ հայտարարությունը՝ Հայաստանն իր պահվածքով, հետագայում նաև՝ պաշտոնական Ադրբեջանի հայտարարությունները չհերքելով՝ ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է:
- Պրահյան հայտարարության մեջ հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրին, Փաշինյանն ուժեղացրեց Ադրբեջանի դիրքերը:
- ՀՀ իշխանություններն առաջնորդվում են Ադրբեջանի պահանջներով և ոչ թե՝ մեր շահերով ու իրավունքներով:
- Նիկոլ Փաշինյանի նպատակներն ուղղված են ներքին և արտաքին լսարանին: Ալմա Աթայի հռչակագիրը մեջտեղ բերելով՝ ներքին լսարանին ուզում է ասել, որ Հայաստանն Արցախից հրաժարվել էր դեռ 91-ին այդ հռչակագրով, ինչը բացարձակ կեղծիք է: Արտաքին լսարանին ասում է, թե իջեցրել է նշաձողը:
- ԵՄ-ի տեսանկյունից խաղաղության հաստատմանը խոչընդոտող ամենագլխավոր՝ Արցախի հարցը, հանված է:
- Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած պայմանագրերն ու պայմանավորվածություններն ուղղակիորեն ցույց են տալիս ԵՄ-ի նպատակները տարածաշրջանում:
- Նախատեսված ծրագիրը, որով գնում է այս իշխանությունը, ի վերջո, հանգեցնելու է Արցախի հայաթափմանը, բայց դրան զուգահեռ՝ խնդիրներ են առաջանալու նաև Հայաստանում: Արդեն Հայաստանում ունենք տարածքային կորուստ, հանրությունը հիասթափվել է քաղաքականությունից, իշխանություններից ու նաև ընդդիմությունից, իրենց ապագան էլ Հայաստանում չեն տեսնում: Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն թաքցնում իրենց նպատակները, որ չեն սահմանափակվելու միայն Արցախով:
- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները, ակնհայտորեն հակասում է ՌԴ արտաքին քաղաքականության մինչ այդ գործող սկզբունքներին: Լավրովի այս արտառոց հայտարարությանը ՀՀ իշխանություններն անպայման պետք է հակադարձող պատասխան տային, ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա պետք է ուղարկեր: Եթե քո դաշնակից պետության արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է՝ դու ագրեսոր ես, տարածքներ ես օկուպացրել, և դու պաշտոնապես չես պատասխանում, դա հետագայում թշնամին կօգտագործի հենց Հայաստանի դեմ:
- ՀՀ իշխանությունները կարծում են, թե իրենք այնքան ճարպիկ են, որ կարող են ՌԴ-ին մատների վրա խաղացնել:
- ՀՀ գործող իշխանությունները փորձում են արմատապես փոխել մեր արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց դրան նախապատրաստվելու, առանց անվտանգության հստակ երաշխիքներով այլընտրանք ունենալու: Արևմուտքը մեզ անվտանգության երաշխիք չի տալիս:
- ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ կարող է կանխել ռազմական գործողությունները, և ոչ էլ կարող է հնարավոր այդ գործողությունների ժամանակ օգտակար լինել:
- Քանի դեռ մենք ինքներս պատրաստ չենք մեզ պաշտպանել մեր բանակով, ոչ ոք մեզ չի պաշտպանի: Պետությունը պետություն է կոչվում այն ժամանակ, երբ սեփական ուժերով կարողանում է ապահովել իր անվտանգությունը:
- Մեր պետությունը վտանգված է: Իշխանությունները հասկանում են, որ ձախողել են, և իրենց պատկերացմամբ՝ սեփական կաշին փրկելու մեկ փրկօղակ կա՝ Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածությունն Արևմուտքի միջոցով:
- Այս իշխանությունները կործանել են Հայաստանի ապագան իրենց ապաշնորհության, գուցեև՝ դավաճանության պատճառով:
- Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր էությամբ կապիտուլյացիոն ակտ է, որովհետև բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները: