«Ալիևն ավելի ազնիվ է Փաշինյանի ընտրողների հետ, քան ինքը՝ Փաշինյանը». Բենիամին Մաթևոսյան

«Գուրգեն Արսենյանը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ իր մոտեցումները երբեք էլ չի թաքցրել, այլ խնդիր է, թե ինչու 1998թ. իշխանափոխությունից հետո նա չհայտնվեց համապատասխան տեղում, այլ հակառակը՝ նաև այն ժամանակվա իշխանությունների հետ փոխգործակցության եզրեր գտավ, հայտնվեց ԱԺ-ում, հետագայում ԲՀԿ ցուցակով նույնը տեղի ունեցավ: Այն, որ տարածված խոսք կա, չէ՞, նախկիններն են մեղավոր, հիմա այս դեպքում նախկիններն են մեղավոր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե Արցախում 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն, և, որ պետք է առաջնահերթությունները ճիշտ դնել։

«Ինքը փաստորեն հակադրում է Արցախի 120 հազար բնակչությանը Հայաստանի 3 միլիոն բնակչությանը: Նախ՝ այստեղ շատ լուրջ խաբկանք կա: Երբ քաղաքական իշխանության թիմի ղեկավարը բաց հայտարարում է, որ չի երևում այն կետը, մինչև որը դու կհանձնես, և Ադրբեջանը կընդունի քո գոյության փաստը, սա վկայում է այն մասին, որ այդ կեղծ թեզը՝ Ղարաբաղը հանձնենք՝ լավ կապրենք, հիմա բոլորը տեսնում են, որ դա խաբկանք է: Ադրբեջանը ցանկանում է մեզ ոչնչացնել: Երբ Գուրգեն Արսենյանը խոսում է «120 հազարն ընդդեմ երեք միլիոնի» թեզի մասին, այդ խաբկանքին պատասխանել է անձամբ Փաշինյանը»,- ասաց նա:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 57 օր փակ է, որովհետև Պրահայում և Վաշինգտոնում Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչել:

«Երբ դու ընդունում ես մի փաստաթղթի հնարավոր տարբերակ, ըստ որի՝ պաշտոնական Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի փոխհարաբերությունները պետք է լինեն տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև հարաբերությունների տրամաբանության շրջանակում, և ինչ-որ միջազգային երաշխիքներ պետք է լինեն այդ հարաբերությունները տեսանելի մակարդակի դուրս բերելու, դա նշանակում է, որ ընդունել ես Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչի՞ն հղում անելով է նման եզրահանգման եկել, նա պատասխանեց. «Եթե այդ ամենը չլիներ, Ադրբեջանը երբեք չէր հանդգնի ճանապարհը փակել, որովհետև նույն նոյեմբերի 9-ի պայմանավորվածության շրջանակում այդ ճանապարհի անխափան գործունեության երաշխավորը նաև Ադրբեջանն է: Երկրորդ՝ վերջին տարիները ցույց են տալիս, որ Ալիևն ավելի ազնիվ է հայ հասարակության և Փաշինյանի ընտրողների հետ, քան ինքը՝ Փաշինյանը: Ալիևն ամանորյա ուղերձում ասաց, որ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է՝ Արցախը ներառյալ»:

Նրա մոտ տպավորություն է, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Հայաստանում խմբակցություն ունեն, քանի որ ՔՊ-ականների և ադրբեջանցիների հայտարարությունները, ըստ նրա, համահունչ են:

«Եկեք՝ անկեղծ լինենք. բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի Դաշնությունն է, որը մեր տարածաշրջանի կոնֆլիկտային գոտիներում ներկայության և մասնակցության տարբեր ձևաչափեր ունի: Նույն հայ-թուրքական խնդրահարույց հարաբերությունների շրջանակում իրենք ընտրել են անվտանգության երաշխավորի կարգավիճակը, կանգնած են հայ-թուրքական սահմանին, և սկսած 90-ականներից, երբ մենք ազատագրում էինք Քարվաճառը, իսկ Թուրքիան սպառնում էր Հայաստանի վրա հարձակվել, այդ ժամանակվանից մինչ այսօր ռուսները պահպանում են սահմանի անվտանգությունը: Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների և կոնֆլիկտի տրամաբանության շրջանակներում ռուսական կողմն ընտրել է միջնորդի կարգավիճակը, իսկ միջնորդը չի կարող կողմնակալ լինել:

Նախորդ տարվա վերջին Մակրոնը հարցազրույց էր տվել և ոչ հարյուր տոկոսանոց հայամետ հայտարարություն էր անել, բայց անգամ դա բավական էր, որ Ադրբեջանից ասեն, որ ոչ միայն դատապարտում են Մակրոնին, այլ նաև պաշտոնական Բաքուն հրաժարվեց մասնակցել այն բանակցություններին, որին պետք է մասնակցեր նաև Մակրոնը: Հիմա, եթե Ռուսաստանը կողմնապահ դիրքորոշում ցուցաբերի և անի հայտարարություն, դա կնշանակի, որ Ռուսաստանը դառնում է կոնֆլիկտի կողմ: Երկրորդ՝ Ադրբեջանը պահանջելու է խաղաղապահներին դուրս բերել Արցախի Հանրապետությունից, և մենք ուզենք թե չուզենք, դա բերելու է բախման, իսկ բախման թատերաբեմը լինելու են Հայաստանն ու Արցախը»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս