Ինչո՞ւ Վանաձորում պարեկների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից շուրջ 3 ամիս անց մեղադրյալներ չկան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից շուրջ 3 ամիս է անցել, ու չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով մեղադրյալներ դեռ չկան:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը դեռ շարունակվում է.
«Գործը նախաքննության փուլում է, դեռ մեղադրյալ չունենք, քրեական հետապնդման ենթարկվող անձինք չունենք դեռ: Օրենսդրությամբ նախաքննության ժամկետներ չկան սահմանված, ժամկետներ սահմանվում են, երբ քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվում, այդ պահից նոր սկսում է համապատասխան հոդվածից բխող ժամկետների հոսքը»:
Հիշեցնենք, որ դաժան ծեծի ենթարկված քաղաքացիները երեքն էին, ընդ որում, նրանից մեկը՝ անչափահաս:
Ծեծի ենթարկված քաղաքացիներից 33-ամյա Ռադիկ Ավետիսյանը դեպքից օրեր անց, երբ դեռ գտնվում էր «Վանաձոր» բժշկական կենտրոնում, 168.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարեկներն են իրենց վրա հարձակվել, ոչ թե իրենք:
Նա պատմել էր, թե ինչ է իրականում կատարվել նոյեմբերի 25-ին, թե ինչպես են պարեկները դաժան ծեծի ենթարկել իր եղբոր անչափահաս որդուն, արցունքաբեր գազ փչել նրա աչքերին, դա էլ բավարար չէ, բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենայի մեջ, սպառնացել, թե նրան «մանկական գաղութ են ուղարկելու»:
«Երեք հոգով ծեծում էին երեխուն, գազ փչեցին նրա վրա։ Երեխեն էլ աչքերի հետ կապված խնդիր ունի, տեսողության հետ, ունի նաև ասթմա, երևի 100 անգամ իր կյանքը փրկել ենք։ Որ տեսա՝ մի երեք հոգով ծեծում են, ես վերցրել եմ ձեռքիս տակ ընկած գործիքը ու պաշտպանել եմ երեխու կյանքը, ասել եմ՝ մոտիկ չգաք, որովհետև գիտեմ, որ մի հատ ավելի խփելուց, մի հատ ավելի գազ փչելուց երեխեն կարող էր ընկնել կոմայի մեջ ու դուրս չգար։ Երեխուն ոստիկանության բաժանմունքից կոմայով են բերել հիվանդանոց։
Ես ոչ մեկին չեմ հարվածել։ Իմ վրա գազ են փչել, կանդալները քցել, ծեծել, գլուխս տվել ասֆալտով, քցել ավտոն, տարել բաժին։ Բաժնում նորից պարեկային աշխատողն ինձ հարվածել է։ Երեխուն էլ ճանապարհին, Լոռու մարզի պարեկային ոստիկանության պետի տեղակալը՝ Մհեր Խառատյանը, նստել է երեխու վրա, երեխեն ասել ա՝ անչափահաս եմ, խնդիր ունեմ, խնդրում եմ՝ ոչ մի բան մի արեք, նորից հարվածելով տարել է մինչև բաժին ու սպառնացել, որ՝ ես քեզ ուղարկելու եմ մանկական գաղութ․․․»,- պատմել էր ծեծի ենթարկված քաղաքացին:
Ուշագրավ է, որ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը այս դեպքից 1 շաբաթ անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե՝ խոսակցությունները, իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն։ Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություններ»,- ասել էր Արա Ֆիդանյանը, ապա հավելել որ տեսագրությունում երևում է, որ քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցրել պարեկային ծառայողներին:
Տուժած քաղաքացիների աշտպանական խմբի անդամ, փաստաբան Արեն Մնացականյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ Մնացականյանը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ձեռնպահ է մնում որևէ տվյալ ներկայացնելուց.
«Մեր տեղեկություններով՝ նաև նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, ոստիկանության աշխատողների կողմից ենթադրյալ արարքներ կատարելու մասով։ Քանի դեռ այս շրջանակում նախաքննություն է ընթանում, մենք այս պահին ձեռնպահ կմնանք որևէ տվյալ ներկայացնելուց։ Նախաքննության ընթացքում արդեն կներկայացնենք՝ կոնկրետ գործողությունները կատարելուց հետո, տվյալ ներկայացնելուց»։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ՝ Խուլիգանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ՝ Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիները հաղորդում են ներկայացրել իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (Խոշտանգում) 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:
168.am-ը դեռ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին էր գրել, որ Վանաձորի դաժան ծեծի դեպքով, 6 օր անց, դեռևս որպես մեղադրյալ առաջադրված անձինք չկան, և նման հոդվածներով վարույթների պարագայում դեռևս որևէ մեկի որպես մեղադրյալ չներգրավելն ինչ-որ բանի մասին խոսում է:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարեկները փորձել էին ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար։
Պարեկներից մեկի և տարեց վարորդի միջև վիճաբանություն էր ծագել, ինչին միջամտել էր նաև նրա որդին:
Ականատեսների խոսքով՝ ավելի ուշ հաշվեհարդար տեսնելու նպատակով պարեկները վերադարձել էին նրանց աշխատավայր ու ծեծի ենթարկել նրանց։