Հալեպում կան հայ զոհեր․ Սասուն Սարգսյան
Սիրիայի առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում՝ ասվում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
«Նախնական տվյալներով, 237 զոհ և 639 վիրավոր կա։ Հիմնականում տուժել են Հալեպ, Լաթաքիա, Թարթուս և Համա քաղաքները։ Հալեպի մեջ կան հայ զոհեր․ իմ տեղեկություններով՝ մայր և որդի են»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց սիրիաբնակ ճարտարագետ Սասուն Սարգսյանը։
Ավելի վաղ 168.am-ը փոխանցել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Սիրիական SANA պետական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժի պատճառած վնասները և հետագա անելիքները: