«Հայկական համայնքն ամենահարգված փոքրամասնություններից է». Սասուն Սարգսյան
Պատերազմից առաջ Սիրիայում հայերի թիվը հարյուր հազարից ավելի էր: Նրանք հիմնականում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներն էին: Ցեղասպանության տարագիրներն ապաստան էին գտել հիմնականում Հալեպում, և հենց այդ պատճառով Հալեպի հայկական համայնքն ընդունված էր համարել հայերի «մայր գաղութ» Միջին Արևելքում:
Սիրիահայ ճարտարագետ Սասուն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ Սիրիայում հայերի թիվը մեծ հետդարձ է արձանագրել վերջին տարիներին,այդուհանդերձ նկատեց, որ հայկական համայնքն ամենահարգված փոքրամասնություններից է.
«Վայելում ենք պարոն նախագահի հովանավորությունը. Կարելի է պնդել՝ հայերը Սիրիայի ամենաշատ հոգատարված փոքրամասնությունն են»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Սիրիայում ապրող ժողովուրդներին և առանձնահատուկ ջերմությամբ խոսել հայերի մասին.
«Հայերն ազգային ժողովուրդ են. Նրանք ստեղծել են համայնք, ընկերություններ և կազմակերպություններ, պահպանել են իրենց ավանդույթներն ու եկեղեցիները, նրանք ունենք դպրոցներ, որոնք պահպանում են իրենց յուրատիպությունը:
Կարևոր է նշել, որ հայերը Սիրիական պատերազմի ժամանակ դրսևորեցին իրենց՝ իբրև մեր երկրի լիարժեք և հավատարիմ քաղաքացիներ»:
Սասուն Սարգսյանը Սիրիայում հայապահպանության գործում կարևորեց գործող եկեղեցիների, դպրոցների, ակումբների դերը:
Հարցին, թե արդյո՞ք երբևէ մտածել է Հայաստանում ապրելու մասին՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Շատ ենք մտածել, բայց, դժբախտաբար, հայրենիքի ներկա տնտեսական վիճակը շատ քաջալերելի չէ:
Արտագաղթի ալիքը սկսվեց հայտնի իրադարձություններից հետո՝ 2012 թվականից, և շատ հայ ընտանիքներ տեղափոխվեցին Հայաստան ու նաև հաստատվեցին այնտեղ, եթե այժմ արտագաղթի հոսք տեղի ունենա, հավանաբար քիչ պետք է լինի»:
Մեր դիտարկմանը, թե Սիրիայի հյուսիսային շրջաններում վերջին իրադարձություններն արդյո՞ք չեն բերի արտագաղթի նոր ալիքի, քանի որ դրանք կարծեք նոր ահազանգ էին, որ երկրում անվտանգության մասին դեռ պետք է անհանգստանալ, նա արձագանքեց.
«Հայերն առայժմ հյուսիսային շրջաններից տեղափոխվել են Հալեպ և շրջակա այլ քաղաքներ: Ապագային հավանական է և արտագաղթ դեպի հայրենիք»:
Զարուհի Դիլանյան