Ո՞ր նշանները կարող են ծնողին հուշել երեխայի մոտ սրտային անբավարարության մասին
«Հայաստանում տարեկան ծնվում է 400-450 բնածին սրտի արատով երեխա»,- ասաց մանկական սրտաբան Կարեն Կուրդովը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Պացիենտի դպրոց» դասընթացի ժամանակ:
Սրտաբանն անդրադարձավ մտահոգություններին, թե ինչ պետք է անել հիվանդություններից խուսափելու համար:
«Բնությունն է որոշել. հիվանդությունը պետք է անպայման լինի՝ սրտի, թոքի թե երիկամի: Ցանկացած օրգան համակարգի հիվանդությունները՝ բնածին բնույթով, պետք է անպայման լինեն: Եվ արյան անալիզով դրանք հայտնաբերելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ»,- ասաց մանկական սրտաբանը:
Խոսելով միջփորոքային միջնապատի դեֆեկտի մասին՝ իբրև սրտային անբավարարություն, սրտաբանը հայտնեց, որ երեխան ծվելուց հետո, մինչև 3 ամիս, սրտային անբավարարություն չի ունենում, որովհետև ներարգանդային կյանքում թոքերի արյան շրջանառություն չկա, իսկ ծնվելուց հետո առաջին ճիչի հետ կապված սկսում է իջնել թոքային անոթների դիմադրողականությունը:
Իսկ, թե որ նշանները կարող են ծնողին հուշել երեխայի մոտ սրտային անբավարարության մասին՝ Կարեն Կուրդովն ասաց, որ նշանները ստանդարտ են, սակայն ծնողի համար դժվար է դրանց գնահատական տալ:
«Հատկապես փոքր տարիքի, մինչև մեկ տարեկան երեխան, ոչ մի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունի: Նա ուտում է, աղիները գործում են: Այդ իրավիճակում հիմնական երևույթը, որին ծնողը կարող է ուշադրություն դարձնել՝ հևալն է: Հիմնականում մշտապես պետք է հաճախ շնչի, ոչ թե լացելուց, լողացնելուց, փորկապության դեպքում: Հանդարտ վիճակում պետք է ունենալ այդ հևոցը: Ծնողը պետք է մանկաբույժից հարցնի, թե երեխայի այս կամ այն տարիքում ո՞րն է համապատասխան շնչառությունը, և մի անգամ չհաշվի, այլ ինֆորմացիա հավաքի: Տեսանելի մյուս կետը կրծքով կերակրելիս տարբերություն տեսնելն է: Դա ևս փոքրիկի համար ծանրաբեռնվածություն է: Այդ ժամանակ կարող է երեխան նեղվի, շունչը կտրվի, լացի կամ շատ կարճ քաշի կուրծքը և թողնի, այսինքն, հոգնի: Առողջ բալիկի համար դա ծանրաբեռնվածություն չէ: Լինում է նաև արտահայտված քրտնարտադրություն, սակայն այստեղ պետք է հաշվի առնել, թե սենյակում ի՞նչ ջերմաստիճան է, կամ քանի՞ հագուստ են հագցրել երեխային»,- բացատրեց մանկական սրտաբանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Մանկական սրտաբանական կլինիկան ձևավորվել է 1993 թվականին:
168.am-ի հետ զրույցում սրտաբան-առիթմոլոգ Տաթևիկ Հովակիմյանն անդրադարձավ «Պացիենտի դպրոց» բացելու իր գաղափարին՝ նշելով, որ բժշկության մեջ, ինչպես և ամենուր, ժամանակները փոխվում են և համացանցի հայտնվելուն զուգահեռ՝ ավելացել է ավելի տեղեկացված, հարցեր տվող պացիենտների թիվը, ովքեր հետաքրքրված են իրենց հիվանդությամբ:
«Դրականն այն է, որ ունենք ավելի մասնակից պացիենտներ: Իրենց առողջության վերաբերյալ որոշում կայացնելը միանշանակ կարևոր է, քանի որ մասնակցային բժշկության դեպքում ավելի լավ արդյունքի են հասնում: Սակայն, մյուս կողմից էլ՝ պացիենտը չի կարողանում ճիշտ ֆիլտրել համացանցում առկա ամբողջ ինֆորմացիան, և դա կարող է բերել սարսափելի բարդությունների, խնդիրների և, ի վերջո, հիվանդության վատ արդյունքի: Այդ պատճառով «Պացիենտի դպրոց»-ի գաղափար»-ը թեև նորություն է Հայաստանի համար՝ սիրտ-անոթային հիվանդությունների ասպարեզում, սակայն ողջ աշխարհում կիրառվում է, և պացիենտները գնալով ավելի հզորանում են ու իրենց մասնակցությունը բուժական պրոցեսներին ավելի ընդգրկուն է դառնում: Տեղեկանում են իրենց հասանելի բուժման բոլոր տարբերակներին, օգնում են ստեղծել ուղեցույցներ, ներկայացնում են իրենց պահանջները, որպեսզի բժշկությունը քննարկի առողջությանը հասնելու ճանապարհները»,- մանրամասնեց Տաթևիկ Հովակիմյանը:
Նա հայտնեց, որ «Պացիենտի դպրոց»-ի գաղափարն առաջացել է, երբ ուսումնառության է գնացել Նիդեռլանդներ, եղել տեղի սիրտ-անոթային համալսարանական կլինիկայում և այնտեղ առնչվել է երևույթի հետ, թե ինչպես են պացիենտները շփվում իրենց բժիշկների հետ, լսում դասախոսություններ, ակտիվորեն քննարկում տարատեսակ հիվանդությունները և բուժական մոտեցումները:
«Հաճելի միջոցառումներ կային, օրինակ, բժշկի հետ թեյ էին խմում, քայլում: Այս ամբողջը տեսնելով՝ որոշեցի, որ անպայման պետք է ստեղծել «Պացիենտի դպրոց»-ը՝ սիրտ-անոթային հիվանդությունների ասպարեզում, քանի որ դրանք հանդիսանում են համար մեկ մարդասպանն ամբողջ աշխարհում և, ցավոք, Հայաստանը բացառություն չէ: Մեր կլինիկական տվյալների բազայում ունենք 120.000-ից ավելի պացիենտ՝ 0-99 տարեկան, որոշեցինք ստեղծել դպրոցը, կրթել պացիենտներից: Սա մեզ համար էլ կարևոր է, քանի որ մենք էլ ենք սովորում պացիենտներից: Կրթված պացիենտներն անում են առաջարկություններ, և փոխհամագործակցության գաղափարը ծաղկում է, նպաստում կոնֆլիկտների նվազմանը: Ամեն ամիս անդրադառնալու ենք ծանր որևէ հիվանդության: Սրտի բնածին արատներին նվիրված դասընթացից հետո կլինի սրտի իշեմիկ, փականային հիվանդության, ռիթմի խանգարումների, սրտային անբավարարության, հանկարծամահության, աորտայի հիվանդությունների, զարկերակային գերճնշմանը նվիրված դասընթաց»,- եզրափակեց սրտաբան-առիթմոլոգը: