Զինվորի արյան հաշվին հերոսացողները, կամ՝ Սուրեն Պապիկյանի՝ հայրենիքի համար կյանքը չխնայելու հորդոր տալու բարոյական իրավունքը
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր ՊՆ ուսումնական զորամասերից մեկը, որտեղ զինվորների հետ զրույցում ասում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն ամենքիս սրբազան պարտքն է: Պիտի երդվենք ամեն օր, ամեն գիշեր քնելուց առաջ, որ մեր հայրենիքի ամեն մի միլիմետրը պետք է պահել արյան գնով»:
Առաջին հայացքից միանգամայն բնական և ճիշտ հորդոր, որը տեղավորվում է զինվորական երդման և ՀՀ սահմանադրությամբ ՀՀ զինված ուժերին վերապահված պարտականության և առաքելության մեջ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Հարցն այն է՝ ո՞վ է ասողը, ո՞ր իշխանության ներկայացուցիչը: Կամ, ավելի ճիշտ՝ հարցն այն է, որ ասողը գործող իշխանության ներկայացուցիչն է, որի օրոք տարածքային լրջագույն կորուստներ ենք ունեցել, որի օրոք արյամբ պահված դիրքեր ենք կորցրել:
Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին, մեկ օր հետո՝ նոյեմբերի 16-ին, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, մասնավորապես՝ Սյունիքի հատվածում և Վայոց ձորի մարտական հենակետերի ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Քիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ: Այս ուղղությամբ 3 դիրք կորցնելու փաստով քրեական գործ էր հարուցվել, եղան կալանավորվածներ:
Դատախազությունից էլ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերին, մասնավորապես, հայտնել էին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդն անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այստեղ, ըստ էության, խոսվում էր 10 մարտական դիրքի կորստի մասին:
Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Նույնը նա հաջորդ օրը կրկնեց ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ և նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:
«2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,- ասել էր Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ:
Իսկ մինչ այդ՝ 2021-ի մայիսի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Սուրեն Պապիկյանի կուսակցական և քաղաքական առաջնորդն անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշել էր, որ Սև լճի 30 տոկոսի համար չեն պատրաստվում պատերազմ սկսել: Մինչդեռ տարբեր փաստեր վկայում էին, որ խնդիրը 30 տոկոսը չէ, այսինքն, ադրբեջանական զինուժն ավելի մեծ տարածք է վերահսկում այս հատվածում:
Նոյեմբերի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները: Մասնավորապես, նշվում էր, որ իրենց ուժերի անարյուն տեղաբաշխումը հանգեցրել է տեսադիտարկման և ուղիղ կրակի ազդեցության հատվածի ընդլայնման՝ հայկական Վերիշեն գյուղի և Գորիս քաղաքի հարավ-արևելյան ուղղությամբ, ինչպես նաև՝ Շաքիի ու Իշխանասարի ուղղությամբ: Այսինքն, նրանք զբաղեցնում են Քիլիսալի լեռը:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում:
Եվ եթե Սուրեն Պապիկյանը կարող է ասել, որ 2021-ի նոյեմբերի մարտերի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը նոր էր ստանձնել, ապա 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հետ կապված նույնը չի կարող ասել, երբ 2 օրում ավելի քան 200 զոհ ունեցանք, նաև տարածքային լուրջ կորուստներ:
Մասնավորապես, ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ այցի ընթացքում հայտարարել էր.
«Հակառակորդը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է,նախքան ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ»:
Այս համատեքստում անդրադառնալով մյուս ուղղություններին (ընդհանուր 5 ուղղություն), ՀՀ ԳՇ պետը շարունակել էր.
«Կան 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի նաև դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժաների ուղղությամբ, մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել: Եվ Իշխանասարի ուղղությամբ որոշակի՝ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն: Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը»:
Ավելի ուշ այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը Վարդենիսում նշել էր՝ «ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել»:
«Այո, ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում: Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ, ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,- շարունակել էր Մարտիկյանը:
Ավելի ուշ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության ավելի քան 130 քկմ տարածք:
«Կան հաշվարկի տարբեր մեթոդներ. եթե հաշվարկներն արվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել, օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 քկմ և որոշակի ավել տարածք»,- շեշտել էր ԳՇ պետը:
Այսինքն, նշված մոտ 130 քկմ տարածքից, այսպես ասած, բավականին լուրջ չափաբաժին Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում ենք կորցրել:
Ի դեպ, հունվարի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը հայտարարել էր, թե` «2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ոչնչացվել է հայկական 18 դիրք, 2 դիվիզիոն Ս-300, ՌԷՊ 2 համակարգ՝ «Ժիտել», թիրախում եղել են նաև զենիթահրթիռային համակարգեր (ЗРК С-125), ռադիոլոկացիոն կայաններ», և այլն:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայկական կողմը կորցրել է մոտ 50 դիրք:
ԱԺ-ում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում մեր կորցրած դիրքերի թիվը չէր գաղտնազերծել, բայցև, ըստ էության, չէր էլ հերքել Սեյրան Օհանյանի հնչեցրած թիվը:
«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի, Կուտականի ուղղությամբ: Իսկ քանակական դիրքային եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են: Հետևաբար, տերմինաբանությամբ ասել՝ կոնկրետ այսքան ենք կորցրել, 50 ենք կորցրել, 60 թե 70, հստակ չեմ կարող պատասխանել, և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, որոնք ներկայացնում են համապատասխան թվեր, ինչ նկատի ունեն»,- հայտարարել էր գեներալ Ասրյանը:
168.am-ը հունվարի 18-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ադրբեջանի հրապարակած տեղեկությունը, և, ի վերջո, քանի՞ դիրք է կորցրել հայկական կողմը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում:
Մոտ 2 շաբաթ հետո Պաշտպանության նախարարությունը գրություն է ուղարկել 168.am-ին, որտեղ նշվում է, որ հայկական կողմի կորցրած դիրքերի թիվը հրապարակման ենթակա չէ:
Այս ամենը հաշվի առնելով, ընդ որում, միայն պաշտոնական թվերը, Սուրեն Պապիկյանի խոսքը լսելուց հետո, թե «հայրենիքի ամեն մի միլիմետրը պետք է պահել արյան գնով», հարց է ծագում՝ ի՞նչն է խանգարել մինչ այս պահել և թույլ չտալ այդքան տարածքային կորուստներ, երբ զինվորը զոհել է իր արյունը, կյանքը, ինչո՞ւ ենք արյան գնով պահված դիրքերը կորցրել: Այսքանից հետո էլի զինվորի արյան վրա՞ ենք հույս դրել, թե՞ նաև մեր, և արդյո՞ք կարողանալու ենք այսուհետ պահել արյան գին ունեցող դիրքերը, թե՞ ընդամենը բառեր են ասում:
Ի դեպ, Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ՞, որ Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան առանց կրակոցի ենք հանձնել, առանց մի սանտիմետր կորուստ ունենալու՝ հատկապես Քարվաճառի ուղղությամբ:
Երբեք չեմ մոռանա Քարվաճառի մարտերին մասնակցած սպաներից մեկի խոսքը, երբ Սոթքի հատվածում տեղակայված հենակետեր էի այցելել:
«Պատկերացրեք, ամբողջ օրը տանջվել, տորթ եք սարքել, մեկ էլ մի չարաճճի երեխա գալիս է և ձեռքով տալիս փչացնում ամբողջ արածդ: Ես 7 տարի այդտեղ խրամաբջիջ առ խրամաբջիջ կառուցելով, արյուն, քրտինք եմ դրել, իսկ հիմա դրանք չկան: Բայց ոչինչ, մի օր սաղ հետ ենք բերելու»,- Քարվաճառի մարտերը հիշելիս՝ մեզ հետ զրույցում, հուզմունքը մի կերպ կոկորդում խեղդելով, ասաց սպան՝ չցանկանալով ներկայանալ:
Այնպես որ՝ զինվորը, սպաներից շատերը հավատարիմ են իրեն երդմանը և պատրաստ են պաշտպանել հայրենիքի ամեն մի միլիմետրը, պարզապես քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարությունը առնվազն չպետք է խանգարի դա անել, և առնվազն ապահովել սեփական զինվորի անվտանգությունը, մեկ-մեկ էլ խոսել սեփական զոհողություններից: