Հայ-ռուսական ճգնաժամի ռուսական կողմը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հարցազրույցը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին և դրանում տեղ գտած անդրադարձը Ղարաբաղյան հիմնահարցի պատմությանը, ներկայիս իրավիճակին ու ՌԴ անելիքներին, մեղմ ասած, ոչ միանշանակ ընկալվեց հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակների ու հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի կողմից։ Նախ հիշեցնենք, թե ինչ ասաց ՌԴ արտգործնախարարը․

  • «Երբ բռնություն բռնկվեց անցյալ տարվա սեպտեմբեր ամսին, այնտեղ երկու կողմից մոտավորապես 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես ստացանք Հայաստանի խնդրանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հատուկ առաքելության հետ մեկնեց սահման և բերեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման պլան ՀՀ-ի այն հատվածներում, որոնք սահմանակցում են Ադրբեջանի Հանրապետության հետ։ Այդ պլանը բավականին վաղուց պատրաստ էր, բայց ինքնին հայկական կողմը մեզ չէր շտապեցնում և արդյունքում արդեն Երևանում կայացած գագաթնաժողովում մենք ավարտեցինք համապատասխան որոշման տեքստի մշակումը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ իրենց այդ որոշումը հարկավոր է միայն այն դեպքում, եթե դրանում կատեգորիկ կերպով դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան ոչ բոլորն էին պատրաստ համաձայնել ոչ այն պատճառով, որ պատրաստվում էին ինչ-որ մեկին պաշտպանել, ինչ-որ մեկին՝ չպաշտպանել, պարզապես այս ողջ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է տասնամյակների խորք։
  • երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ ՀՀ նախկին իշխանությունը ոչ այնքան լավ ու դրական էր ընդունում, ցանկանալով պահպանել այդ տարածքները, որոնց նկատմամբ նա երբեք չէր ունեցել հավակնություններ․․․ Ուստի, այո, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն են պատկանում։
  • երբ և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրեցին Խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրի պայմանների հիման վրա, ՌԴ-ի համար արդեն ինչ-որ կերպ բարդ է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, քանի որ հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»։

Մի քանի դիտարկում հայ-ռուսական հարաբերություններն ապրում են պատմական ամենաճգնաժամային փուլը, որում մեծ ավանդն ունեն ՀՀ իշխանությունները, ինչպես նաև ռուսական կողմը, որն ուկրաինական պատերազմի պայմաններում հայտնվել է թուրք-ադրբեջանական տանդեմից էական կախվածության մեջ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների հետևողական հակառուսական ջանքերի շնորհիվ։

Սակայն ՌԴ ԱԳ նախարարը, ում բոլոր հանրային ելույթները, հարցազրույցները հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում «մանրադիտակի» ներքո են ուսումնասիրվում, անկեղծ չէ առնվազն մի քանի դրվագով։

Սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը ոչ թե «բռնկված բռնություն» էր, այլ հարձակում ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ։

Այս ֆոնին գուցե բացատրելի է, բայց հայաստանյան հանրության համար ընկալելի ու ընդունելի չէ, թե ինչու գոնե ՌԴ-ն տեղի ունեցածը չանվանեց իր անունով, եթե նույնիսկ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի նվիրյալ գործընկեր երկրներ։ Թեև այս հանգամանքը չի արդարացնում այդ հանգամանքով պայմանավորված ՀԱՊԿ աջակցության առաջարկը մերժելու ՀՀ իշխանությունների որոշումը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև անկեղծ չէ բանակցային պատմության առումով։ Երեկ Լավրովի հայտարարությունից հետո համացանցում սկսեցին ակտիվ տարածել 2016 թվականին նույն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքն այն մասին, որ Կազանի փաստաթուղթը հայկական կողմը չէ, որ տապալել է։

Կազանի փաստաթղթի ստորագրման տապալման մասին շատ է խոսվել ամենաբարձր մակարդակներով և ՌԴ երկարամյա ԱԳ նախարար Լավրովն ամենալավատեղյակներից է, թե ինչպես է տասնյակ տարիներ ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով փակուղի մտցրել բանակցային գործընթացը, և այս դեպքում հայկական կողմը չէ, որ եղել է ապակառուցողական։

Մեծ մանիպուլյացիա կա նաև Ալմա Աթայի հռչակագրի շուրջ, որը պաշտոնապես պետք է մեկնաբանեն ՀՀ իշխանությունները, անհարկի մեկնաբանություններ թույլ չտվողը ՀՀ իշխանությունները պետք է լինեն։

Նախ՝ այդ փաստաթուղթն ընդհանրապես չպետք է հայտնվեր Պրահայի սեղանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտեքստում, քանի որ այդ փաստաթուղթը դրա հետ որևէ առնչություն չունի, և հայկական կողմն այն վավերացրել էր վերապահումով հենց Ղարաբաղյան հարցով պայմանավորված։ Ընդհանրապես Արցախի կարգավիճակի հարցի բանաձևողը միջազգային հանրության և հայաստանյան հասարակության, համայն հայության համար պետք է լինեին ՀՀ իշխանությունները, այնինչ կարգավիճակի հարցից ՀՀ իշխանությունները հրաժարվել են, հարցը իջեցնելով իրավունքների ու անվտանգության ապահովման մակարդակի։

ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է հենց թույլ տալիս Ալմա Աթայի հռչակագիրը մեկնաբանել այնպես, ինչպես աշխարհաքաղաքական պահի նպատակահարմարությունն է թելադրում։ Ռուսական դիվանագիտական շրջանակները այս հռչակագրի մասին հարցերին ունեն հստակ պատասխան հարցադրում․ «Իսկ ինչպե՞ս են այդ հռչակագիրը մեկնաբանում ՀՀ իշխանությունները»։

168am-ի հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարարի նախօրեի խոսքերը մեկնաբանելով՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Լավրովի խոսքը հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բացասական ֆոնի արտահայտությունն էր։

Նրա կարծիքով՝ դիվանագիտական բոլոր հայտարարությունների յուրաքանչյուր դրվագ պետք չէ առանձին դիտարկել, վերլուծել, պատճառներ փնտրել, քանի որ կա ընդհանուր խնդրահարույց ֆոն, որը նորություն չէ։

«Այդ ֆոնը ձևավորվել է ոչ միայն և ոչ այնքան ռուսական կողմի ջանքերով։ Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը, որը ցանկանում էր փոխանցել Լավրովը՝ այն էր, որ չնայած այս բարդ ու տարաձայնություններով լի հակամարտությանը, իսկ դա այդպես է, ՀԱՊԿ-ը կարողացել է մի որոշում համաձայնեցնել՝ Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն, ինչը ՀԱՊԿ-ի նման կառույցի համար իսկապես ձեռքբերում է, հաշվի առնելով այնտեղ համատեղ որոշումների կայացման հարցում խնդիրները։

Սակայն փաստորեն այդ ամենից հետո ստացվեց այնպես, որ այդ առաքելությունը Հայաստանին հարկավոր չէ, քանի որ եվրոպացիներ են գալիս երկար ժամկետով, ինչը վհատեցնում է Ռուսաստանին, թույլ է տալիս մտածել, որ Հայաստանը այս աշխարհաքաղաքական ծանր փուլում իրավիճակ է փոխում ռեգիոնում։ Սա է ողջ եղելությունը։ Հետաքրքրական է նաև ՌԴ ԱԳՆ այն դիրքորոշումը, որ շարունակում է առաջարկել հանդիպում նախարարների միջև Ռուսաստանում, և հետաքրքրական է, թե որքան այդ առաջարկները կմերժվեն և ինչ կոմբինացիաներ կխաղարկվեն ռեգիոնում։ Հարցերը շատ ու բազմաշերտ են, և կարծում եմ, ռուսական քաղաքականությունը ևս ստատիկ չէ որևէ հարցում։ Ըստ էության ՌԴ ԱԳ նախարարը նաև արձանագրեց, որ ռուսական կողմը Պրահայից հետո իր առաջարկների հարցում անորոշություն ունի։ Այսինքն՝ այնպես չէ, որ հիմք ընդունվում է հենց Պրահայի փաթեթը։ Հարցերը ևս շատ են, որոնց պատասխանների մեծ մասը փակ են վերլուծաբանների համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս