Իշխանությունները, ՀՀ-ի ու Արցախի տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովումը ձախողելով, ամբողջությամբ սպառել են լեգիտիմության իրենց պաշարը. Վարդան Պողոսյան
«Անցյալ տարի՝ ապրիլի 13-ին, այս ամբիոնից ՀՀ վարչապետը կատարեց հետևյալ արտահայտությունը՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ»: Նա ասում էր նաև՝ հակառակ դեպքում միջազգային հանրութունը պատրաստ չէ մեզ օգնել, որովհետև չեն կարող մեզ օգնել»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ ՀՀ քաղաքականության առումով: Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի պարզաբանել՝ միջազգային հանրություն ասելով՝ ում նկատի ունի, բայց ակնհայտ էր, թե նա ինչ նկատի ուներ:
«Չմոռանանք, որ այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Բրյուսելյան եռակողմ հանդիպումը Միշելի հետ, և այդ հանդիպումից մեկ շաբաթ անց ՀՀ վարչապետը խոսում է Արցախի նշաձողն իջեցնելու մասին: Մենք պետք է հասկանանք, թե նրա այդ հայտարարությունը կառավարության ծրագրի ո՞ր մասն էր ապահովում: Չէ՞ որ 2021թ. ընտրություններից հետո ՀՀ կառավարարությունը պարտավորվել էր, որ իր գլխավոր խնդիրը լինելու է Արցախի հիմնախնդրի լուծումն ինքնորոշման իրավունքի, հիմնարար փաստաթղթերի մեջ ամրագրված սկզբունքների հիման վրա, և այդ ամենից հետո հանկարծ 2022թ. ասում է, որ մենք պետք է նշաձողն իջեցնենք»,- ասաց սահմանադրագետը:
Նա հիշեցրեց նաև, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին նույն Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է: Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»: Բայց հիմա իշխանությունը մոռացել է ինքնորոշման իրավունքի, Արցախի անկախության մասին ու խոսում է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ապահովման մասին, իսկ կարգավիճակի մասին այլևս խոսք չկա:
«Արդյո՞ք ՀՀ այսօրվա իշխանություններն իրավունք ունեն նման ձևով մոտենալ Արցախի հիմնահարցին: Ոչ, չունեն. դա հակասահմանադրական է առաջին հերթին: ՀՀ-ն, որը ստեղծվել է 1990թ. Անկախության հռչակագրով, հստակ ամրագրել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը: Հռչակագիրը հիմք է հանդիսացել մեր պետականության ստեղծման համար: 1995թ. Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ ելնելով ՀՀ Անկախության հռչակագրից՝ հայ ժողովուրդն ընդունում է այս Սահմանադրությունը: Այս դրույթներն անբեկանելի են, և դրանք որևէ ձևով չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել, ի չիք դառնալ»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի այդ սկզբունքներից հրաժարվել, և ցանկացած պայմանագիր, որն այդ առումով կկնքի ՀՀ-ն, կլինի հակասահմանադրական և իրավական հետևանքներ չի կարող առաջացնել ՀՀ-ի համար:
«Երբ Հանրապետության վարչապետն ասում էր՝ մենք պետք է գնանք նշաձողի իջեցմանը, նա, այնուամենայնիվ, շարունակում էր իր այն քաղաքականությունը, որ Արցախի Հանրապետությունն այլևս սուբյեկտայնություն չունի, և այդ ճանապարհից նա հետ չկանգնեց նույնիսկ անցյալ տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո: Դրա հետևեց Պրահայի հոկտեմբերի 7-ի հայտարարությունը, մեջտեղ բերվեց Ալմաթիի հռչակագիրը, որն իրականում որևէ հիմք չի տալիս պնդելու, որ ՀՀ-ն ճանաչել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- ասաց սահմանադրագետը՝ հիշեցնելով, որ ԱՊՀ պայմանագիրն Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերից, ինչը նշանակում է՝ Արցախի առումով դա չէր կարող որևէ իրավաբանական հետևանք առաջացնել:
Վարդան Պողոսյանը հիշեցրեց նաև, որ 1992թ. հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդն աներկբա ձևով հայտարարեց՝ որևէ ձևով անընդունելի է որևէ միջազգային փաստաթղթում Արցախն Ադրբեջանի մաս ամրագրելու նշումը:
Նրա պնդմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախը չճանաչված պետություն է, և միջազգային հանրությունն այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, պետք է շատ լավ հասկանա, որ նույն միջազգային հանրությունն աներկբայորեն ընդունել է՝ կա Արցախի հիմնախնդիր, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
«Միջազգային իրավունքի սկզբունքները կոնկրետացվել են Մադրիդի փաստաթղթում, էլ ավելի են հստակեցվել բանակցային այն ամբողջ գործընթացի ժամանակ, երբ փաստվել է՝ հիմնախնդրի լուծման հիմնական միջոցներից մեկը նաև ազգերի ինքնորոշման իրավունքն է, որն էլ իր հերթին՝ կոնկրետացում ստացավ 2016թ. փաթեթային առաջարկություններում, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: Եվ սա եզակի երևույթ էր միջազգային իրավական պրակտիկայում, երբ ինքնորոշման իրավունքը ճանաչվում էր անջատման միջոցով: Եվ այդ ժառանգությունը, որը ստացել էին Հայաստանի այսօրվա իշխանությունները, այսօր ՀՀ կառավարության, քաղաքական մեծամասնության ապաշնորհ քաղաքականության պատճառով ըստ էության զրոյացվել են, և ՀՀ իշխանություններն իրենց հակասահմանադրական քայլերով, կառավարության ծրագրի առանցքային դրույթ հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելով, ՀՀ-ի ու Արցախի տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովումը ձախողելով՝ ամբողջությամբ սպառել են լեգիտիմության իր պաշարը»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Վերջինս կարծում է՝ հասարակությունը պետք է հասկանա այս իրողություններն ու համապատասխան քայլեր ձեռնարկի, և այդ հարցում մեզ համար օրինակ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի այն պայքարը, որն ինքը մղում է իր արժանապատվության և անկախության համար:
Մանրամասները՝ տեսանյութում