Հայկական դեսպոտիզմի առանձնահատկությունները

Պաշտոնական ցանկացած հաղորդագրություն, Կառավարության նիստի ցանկացած հեռարձակում ու Նիկոլ Փաշինյանի որևէ գերատեսչական այցելության ցանկացած տեսագրություն հողին է հավասարեցնում Հայաստանում ժողովրդավարության գոյության մասին ցանկացած միտք։

Ժողովրդավարություն Հայաստանում կա միայն ձևական առումով, մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեմքը հերթական զոհերի հիշատակը մեկ րոպե հարգելիս կամ արդեն նախկին օմբուդսմենի առաքելությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան։

Ձևականորեն բեմադրվող ժողովրդավարության քողի ներքո Հայաստանում իրականում գործում է խիստ կենտրոնացված, անձնիշխանության վրա հիմնված պետական կառավարման համակարգ, որում բոլորն ունեն իրենց վերապահված դերերը։ Խնդիրը հանգում է իշխանական և պետական կառավարման համակարգերում հարաբերությունների բնույթին ու ուղղություններին։

Ժողովրդավարությունը ենթադրում է հորիզոնական հարաբերություններ՝ անկախ կառավարման մակարդակի բարձրությունից, անհատի արժանապատվության վրա հիմնված մասնագիտական ծառայությունների մատուցում՝ հանրային կարիքների բավարարման նպատակով։ Իրական ժողովրդավարությունը կառուցված է առավելապես հորիզոնական հարաբերությունների լայն ու ապակենտրոն ցանցի վրա, որոնք՝ անգամ հիերարխիկ  համակարգերում ուղղահայաց իմպերատիվներին ենթարկվում են ավելի շատ բյուրոկրատական պահանջների պահպանման, բայց ոչ երբեք հարաբերությունների կողմերի միջև գերակայության ընդգծման նպատակով։

Կարդացեք նաև

Բավական է անգամ մակերեսային հայացք գցել Հայաստանի իշխանական ու պետական կառավարման համակարգի վրա՝ համոզվելու համար, որ դրանում ժողովրդավարությունն առկա է մոտավորապես այնքան, որքան բարեկրթությունը՝ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպում, կամ բանականությունը՝ Հովիկ Աղազարյանի հռետորաբանության մեջ։ Այսինքն՝ մոտ է զրոյին։ Կառավարության նիստին զգաստ կանգնող նախարարներ, խորհրդարանի նիստին «մեծարգո վարչապետ» (որպես կանոն, առանց «վարչապետ»-ից առաջ «պարոն»-ի) արտաբերողների նողկալի տեսարաններ, ամենատարբեր գերատեսչություններում բրեժնևատիպի ընդունելություններ կազմակերպող կոլեկտիվներ․․․ այս տհաճ տեսարանները փոքր մասն են այն իրական պատկերի, որը դուրս է մնում տեսախցիկների տեսադաշտից։ Զարհուրել կարելի է՝ պատկերացնելիս, թե ինչ է կատարվում փակ աշխատասենյակներում, «Մեծարգոյի» զայրույթի պահերին,  կամ այն դեպքերում, եթե հանկարծ ենթականերից որևէ մեկը համարձակվի սեփական կարծիք արտահայտել։

Հայաստանում գործում է իշխանության գերկենտրոնացված հիերարխիկ համակարգ՝ հիմնված վերևից-ներքև ուղղահայաց հարաբերությունների վրա։ Այդ համակարգն իրականում հսկայական նվաստացման ինդուստրիայի արտահայտությունն է իշխանության ամենավերին մակարդակից դեպի ներքև փոխանցվող նվաստացումն անցնում է ամենատարբեր հոգեբանական շերտերով, ձևախեղվում և այլասերվում է՝ կառավարման մի մակարդակից մյուսին անցնելիս, և հենց այդ նվաստացման մթնոլորտում էլ կառավարվում է երկիրը։ Դա նշանակում է, որ Հայաստանն ապրում է նվաստացման չդադարող սուբլիմացիայի պայմաններում, որը, ի թիվս այլ հարակից հետևանքների, առաջացնում է սարսափելի մեծ քանակի բացասական էներգիա ու էներգետիկա։

Հայաստանում բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, հսկայական համակարգեր են կառավարում մարդիկ, որոնք զուրկ են ամենատարրական մարդկային արժանապատվությունից, քանի որ, ինչպես վկայում են հավաստի պատմությունները (հիմնականում այդ համակարգում նախկինում աշխատածների), Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ աշխատելը տեսականում և գործնականորեն անհամատեղելի է արժանապատվության հետ։ Արդյունքում, «Հայաստանն արժանապատիվ պետություն» են դարձնում մարդիկ, որոնք իրենք արժանապատվություն չունեն։

Առանց հորիզոնական հարաբերությունների որևէ համակարգ դատապարտված է դեսպոտիզմի՝ գերագույն գլխավոր դեսպոտի բարձր հովանու ներքո։
Հետաքրքիր է, ի դեպ, որ երկրում բացառապես ուղղահայաց հարաբերություններ հաստատած Նիկոլ  Փաշինյանը փորձում է հորիզոնական հարաբերություններ կառուցել արտաքին քաղաքական ասպարեզում, ընդ որում, երկրների հետ, որոնք համարվում են «ուղղահայաց հարաբերությունների հայրենիքը»։ Ներքին դեսպոտիզմն ու արտաքին իրավահավասարության ինքնախաբեությունը հանգեցնում են նրան, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխարհում վերաբերվում են այնպես, ինչպես ինքը՝ հավաքական վահագնալեքսանյաններին՝ պայմանով, որ ինքը շարունակի վայելել «մեծարգո վարչապետ» զառանցանքից ստացվող հիվանդագին հաճույքը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս