Փաշինյանը բանակը վերածել է փորձադաշտի. կադրային հաճախակի և ոչ տրամաբանական փոփոխությունները շարունակվում են

ՀՀ նախագահի փետրվարի 1-ի հրամանագրերով կադրային փոփոխություններ են կատարվել Հատուկ բանակային կորպուսում:

Ըստ այդմ՝ Արտակ Բուդաղյանն այլևս կորպուսի հրամանատարը չէ, նրան փոխարինել է Արմեն Գյոզալյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

Փոխվել են նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալները:

Գուցե 2021 թվականի օգոստոսի 26-ին նշանակված Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու պահը հասունացել էր՝ հաշվի առնելով ադրբեջանական առաջխաղացումները, տարածքային կորուստները, ինչո՞ւ չէ՝ կորպուսի ենթակայության տակ գտնվող զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով դեպքերը և այլն, բայց արդյո՞ք միանգամից երկու տեղակալներին պետք էր փոխել, երբ, օրինակ, Բագրատ Մաթևոսյանը Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակվել էր 1 տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, իսկ Սամվել Պողոսյանը՝ 2021-ի նոյեմբերին:

Կարդացեք նաև

Եվ որքանո՞վ են նրանց փոխարինողներն առավել փորձառու, զորքերում ծառայության ի՞նչ փորձառություն ունեն, որքանո՞վ են համապատասխանում իրենց վստահված պաշտոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած կադրային փոփոխություն պետք է ավելի հաջողված լինի եղածից կամ նախկինից, այն էլ՝ պատերազմի մեջ գտնվող երկրում:

Ի դեպ, երբ Արմեն Գյոզալյանին 2022 թվականի փետրվարի 24-ին ազատեցին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետի ու կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, կարծիքներ հնչեցին, որ սխալ նշանակում է կատարվել: Փաստորեն 1 տարի հետո Արմեն Գյոզալյանին ազատեցին նշված պաշտոնից և հետ ուղարկեցին Հատուկ բանակային կորպուս, բայց այս անգամ՝ որպես հրամանատար:

Հոդվածը գրելու պահին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում դեռ նշանակում չէր արվել, այսինքն՝ դեռ Արմեն Գյոզալյանին փոխարինող չեն գտել:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Արտակ Բուդաղյանի համար էլ ՊՆ-ում պաշտոն են նախատեսել, այլ հարց է՝ որքանով այն կլինի լուրջ:

Գուցե նրան նշանակեն Հատուկ հանձնարարություններով ավագ սպա, ինչպես դա եղավ, օրինակ, գեներալ Արայիկ Հարությունյանի դեպքում, երբ նրան ազատեցին ԳՇ պետի տեղակալի պաշտոնից:

Վերադառնալով բուն թեմային, ևս մեկ անգամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից և դրա արդյունքներից դասեր չի քաղել և շարունակում է ցնցումների ենթարկել բանակը, վերածել փորձադաշտի, ինչից երկրի անվտանգությունը, բնականաբար, չի շահում:

168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է պատերազմից առաջ ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում ոչ պատահական կամ սխալ կադրային փոփոխություններին:

Գրել ենք, որ Արցախյան 44-օրյա նվաստացուցիչ պատերազմի ընթացքի, ելքի վրա պակաս ազդեցություն չունեցան, եթե ոչ՝ վճռորոշ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նախքան պատերազմը կատարված կադրային փոփոխությունները ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և Արցախի Պաշտպանության բանակում (ՊԲ): Կադրային որոշ փոփոխություններ պատերազմից առաջ պարզապես անթույլատրելի էին և հղի լրջագույն վտանգներով, ինչի ականատեսը դարձանք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ի դեպ, մեր հրապարակումներից մեկում նաև գրել էինք, որ պատերազմից ամիսներ առաջ ԳՇ պետի պաշտոնում գեներալ Օնիկ Գասպարյանի նշանակումը ևս պատահականություն չէր, այլ հարց է, որ այստեղ այլ տրամաբանություն է գործել:

Տեսանյութեր

Լրահոս