
ԱՄՆ-ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. Օ’Բրայենը՝ Ալիևին

ԱՄՆ-ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:
Ամերիկացի դիվանագետը կարևորել է ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը և հանդես եկել երկկողմ կապերը ռազմավարական մակարդակի հասցնելու օգտին:
Այս համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) գործունեությունը:
Ալիևը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ է քննարկվել:
Հանդիպմանը ընդգծվել է նաև Ադրբեջանի «կարևոր դերը» Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու գործում: Օ’Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հարցում: