Շատ հետաքրքիր է՝ էլ ինչ պիտի հորինի դատավորը,որ Աշոտյանի կալանքի տակ մնալը արդարացնի. Աննա Մկրտչյան
«Տարիներ շարունակ ասում ենք, որ Նիկոլը «ում ասեսն ա» էս գլոբուսի վրա՝ բացի հայ ժողովրդինը, և ԵԽԽՎ զեկույցը եկել է դա ապացուցելու»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը, որում Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառությունը, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում իշխանությունների ցուցաբերած վճռականությունը, ոստիկանության ոլորտի բարեփոխումները։
«Իրենք ասում են՝ մենք չենք տեսնում, թե ինչպես են ոստիկանները մարդկանց խոշտանգում, չենք տեսնում՝ ինչպիսի քրեական գործեր են կարվում, մեզ համար դրանք անհրաժեշտություն չեն այս պահին, որովհետև Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ հանձնառություն ստանձնել է»,- այս համատեքստում հավելեց պատգամավորը։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ Արմեն Աշոտյանի գործով «քաղաքական դատավարությունը» ևս այդ զեկույցի մոտեցումների անբաժան մասն է։
«Ակնհայտ իմանալով, որ 1 տարուց ավելի չկա որևէ իրավական հիմք, փաստական տվյալ, որ Արմեն Աշոտյանի անազատության մեջ մնալն արդարադատության շահի համար է, միևնույն է, Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ անազատության մեջ,- նշեց պատգամավորն, ապա խոսելով հաջորդ դատական նիստի ընթացքում սպասվող խափանման միջոցի հարցի քննության մասին՝ նկատեց,- Ինձ շատ հետաքրքիր է, թե արդեն դատավորին էդ ի՞նչ պետք է հանձնարարեն, ի՞նչ նոր բան պետք է հորինի, որ հիմնավորի պարոն Աշոտյանի՝ ևս 3 ամիս անազատության մեջ մնալը»։
Մանրամասները՝ տեսանյութում