ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ սովետական հրաման՝ ձևավորել կամավորական ջոկատ, ընտրել հրամանատար, խրամատ փորել, մնալ 28 743 քկմ-ում, պարգևատրվել
Հունիսի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 2016 թվականի Արցախում մայիսին իր կուսակցության՝ ՔՊ ջոկատի կողմից խրամատ փորելը:
«Այստեղ ներկա են, մի րոպե սպասեք, Հակոբ Արշակյանն է եղել, Ռուբեն Ռուբինյանն է եղել, Հովիկ Աղազարյանն է եղել, Պարսիլյանն է եղել, Նարեկ Բաբայանն է եղել, Քրիստինեն է եղել, Հրաչն է եղել։ Մեզ տարել են դիրքեր … (Աղմկում են դահլիճում:) Այ, այսքան է եղել էնտեղ խրամատների խորությունը։ Անձրև է եկել այդ դիրքերի մեջ, պատմեք, մենք չենք կարողացել կանգնել այդ դիրքերում, ոտքերս տակերիցս փախչել են… (Խոսում են դահլիճում։) Ի՞նչ կապ ունի, բա, ինչո՞ւ եք տարել մեզ այնտեղ, եթե դիրքեր չեն եղել։ Դուք եք տարել, ո՞վ է տարել։ Ասում է` չգիտեմ` ով է տարել։ Դուք եք տարել։ Բա, մինչև հիմա ինչո՞ւ խրամատ փորված չէր, բա, այդ երկրորդ գիծը պիտի կահավորված չլինե՞ր։ Էսքա՞ն»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Փաշինյանը:
Այս հայտարարությունից շատ չանցած՝ մեկ էլ Փաշինյանին Կոտայքի մարզում 2016 թվականին ՔՊ-ի ջոկատի խրամատ փորելու դրվագի տեսանյութն են նվիրում, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրառում էր կատարել:
«Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Տեսանյութում, իհարկե, երևում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ և այլն»,- գրել էր նա:
2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016 թվականին «մարտական ծառայություն է իրականացրել Արցախի Ճանկաթաղ գյուղի հատվածում»:
«Եվ 2016 թվականին, երբ անհրաժեշտություն էր առաջացել, մենք մեր կուսակցությունում կամավորական ջոկատ ենք կազմել, որը, մինչև կամավորական ջոկատներին հետ կանչելու վերջին օրը, մարտական ծառայություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ճանկաթաղ գյուղի հատվածում: Այդ ժամանակ եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, և այդ կարգավիճակն ինձ չի խանգարել ավտոմատ կրել, խրամատ փորել և կանգնել պաշտպանության դիրքերում»,– 2018-ի մայիսին ԱԺ-ում ասել էր Փաշինյանը:
Նշենք, որ ՔՊ ջոկատը 2016 թվականին Արցախ՝ Մարտակերտ էր մեկնել մայիսի 14-ին, իսկ Ճանկաթաղն այդ ժամանակ սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու էր, բնակավայրը սահմանամերձ չէր համարվում: Այլ հարց է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղը հայտնվեց թշնամու նշանառության տակ, իսկ 2023 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, երբ ամբողջ Արցախը կորցրեցինք:
Այսինքն, ՔՊ ջոկատը միայն խրամատ է փորել սահմանից հեռու գտնված Ճանկաթաղում: Սա պատերազմին մասնակցություն չէ, ոչ էլ մարտական լուրջ հերթապահություն:
Ի դեպ, մի ժամանակ այս ամենը, որը 18 տարեկան ժամկետային զինվորը 2 տարվա ընթացքում անում է և ոչ մեկ անգամ, Փաշինյանի կողմից ժողովրդի վրա «վաճառվում էր»՝ որպես Ապրիլյան պատերազմին մասնակցություն: Գուցե ՔՊ ջոկատին՝ նրա հրամանատարը եղած Նիկոլ Փաշինյանին նման տպավորություն ունենալու և ստեղծելու համար հիմք էր հանդիսացել այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ՔՊ ջոկատի անդամներին պատվոգրեր ու մեդալներ տալու որոշո՞ւմը, ինչը, ի դեպ, Սեյրան Օհանյանը չի հերքել:
Մասնավորապես, 2021 թվականին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ի վերջո, Փաշինյանը մասնակցե՞լ է 2016թ. Ապրիլյան պատերազմին, նշել էր.
«Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժեներական աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։ Այսինքն` ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ` համակողմանի ապահովման խնդիրներով իրենց պատրաստակամությունն են հայտնել»:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշել էր, որ ՔՊ ջոկատն «իր կատարած աշխատանքների համար բանակի հրամանատարության կողմից գնահատվել է` պատվոգիր են ստացել»:
«Ես այդ պատվոգիրը ստորագրել եմ, հիմա հո հետ չե՞մ վերցնելու»,- շեշտել էր Օհանյանը՝ հավելելով, որ քաղաքական թիմի մեծամասնության մոտ PR-ի աստիճանը բարձր է։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրականում նշվում է, որ 2016թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: Կարո՞ղ ենք ենթադրել՝ Ճանկաթաղում խրամատ փորելու համար:
Այս մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։
Գուցե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձել է վարձահատույց լինել ՔՊ-ական ջոկատին՝ հաշվի առնելով նրանց ընդդիմադիր լինելը: Այլ հարց է, որ հիմա ՔՊ ջոկատականներն ու նրանց «հրամանատարը»՝ լինելով իշխանություն, իրենց պատվոգրերի, մեդալների, գնահատված լինելու, բանակում չծառայելու կամ ծառայությունից առողջ վերադարձի համար այլ կերպ են «վարձահատույց» լինում. չեն հարգում իրենց պատվոգիր տված Պաշտպանության նախկին նախարարի անցած ճանապարհը, զինվորական կոչումը, տարիքը և այլն… Այսինքն, մի կողմում գործ ունենք բարոյական սահմանների հատման հետ, մյուս կողմում, այսպես ասած, բարոյական և համեստ լինելու, ինչը նման դեպքերում արդարացված չէ…
Իսկ հիմա էլ արդեն իշխանություն դարձած ՔՊ-ականներն են որոշել՝ իրենք պետք է ուրիշին խրամատ փորել տան՝ խոստանալով պետության կողմից խրախուսանք: Եվ եթե նախկին իշխանությունների օրոք ոչ մարտական պայմաններում նման երևույթի չէիր կարող հանդիպել, քանի որ անկախ ռեսուրսային խնդրից, խրամատ փորում էր զինվորը, դիրք չէր վստահվում վարժանքի մասնակցին, ով մի քանի օրով թարմացրել էր զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները: Ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել:
Եվ հունիսի 26-ին ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների, նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
Նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանն առաջարկը քննարկել է թե՛ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների, և թե՛ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները հուլիս-օգոստոս ամիսներին խրամատ փորեն, և ոչ թե ռազմական անհրաժեշտ գիտելիքներ փորձեն ստանալ կամ կատարելագործել ստացածը, հատկապես, երբ, ինչպես պնդում է ՀՀ ԶՈւ ղեկավարությունը, բռնել են ՆԱՏՕ-ական չափանիշներով բանակ ունենալու ուղին՝ հրաժարվելով ռուսական «շկոլայից»։
Ամրացված շրջանները չինական պատի հետ համեմատող Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ուսումնասիրել են միջազգային փորձը, և պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում: Գուցե սա նաև ՆԱՏՕ-ական չափանիշների՞ց է: Իսկ թե եվրոպական ո՞ր երկիրն է ապրում խրամատային կյանքով, որը ստիպված է ռազմական և ոչ ռազմական բարձրագույն հաստատությունների սովորողներին խրամատ փորել տալ, ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք, գուցե մենք բավարար տեղեկություն չունենք:
Միգուցե լինեն մարդիկ, որ կասեն՝ ի՞նչ վատ բան կա, եթե երիտասարդները ներգրավված լինեն երկրի պաշտպանության գործին և հուլիս-օգոստոս ամիսներին խրամատ փորեն, հետո էլ խրախուսվեն պետության կողմից: Ոչ մի վատ բան, բայց նայած, թե ինչ տեսանկյունից ենք հարցին մոտենում:
Եվ հետո, երբ հիմք ենք ընդունում երկրի, պաշտպանության նախարարության, զինված ուժերի հայտարարությունները ՆԱՏՕ-ական չափանիշներով բանակ ստեղծելու, բանակը կերպափոխելու, ռուսական կամ սովետական ռազմական չափանիշներից, խրամատներում բանակը պահելու 30-ամյա սկզբունքից հրաժարվելու, առնվազն ծիծաղելի է: Այսինքն, իրենք իրենց հակասում են, նաև ցույց տալիս, որ ձախողել են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու իրենց խոստումների կատարման հարցում, ավելին, անգամ եղածը չեն պահել:
Ի դեպ, ապրիլին ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.
«Ես ընդհանրապես համարում եմ, որ 21-րդ դարում մարտական հենակետ պահելը դա հետամնացության նշաններից մեկն է՝ ռազմական տեսանկյունից: Ինձ որ հարցնեք, ավելի լավ է մարտական հենակետեր չունենալ, կենդանի ուժ չպահել, բայց ցանկացած մարդուն, որն ապօրինաբար կխախտի սահմանը, հենց մի միլիմետր խախտի քո սահմանը, դու տեղում խնդիրը լուծես: Պաշտպանության նախարարը շուտով գալու է նոր նախագծերով, և մենք, ի վերջո, կարողանալու ենք ձևավորել տարածքային պաշտպանության համակարգը, ստեղծել տարածքային պաշտպանության ուժեր, որոնք պետք է հիմնված լինեն տեղի բնակիչների ներուժի վրա նաև: Դա նշանակում է՝ այն մարդը, որտեղ բնակվում է, պարտավոր է ներգրավված լինել որոշակի ստորաբաժանման մեջ, որն ապահովելու է տվյալ տարածքի պաշտպանությունը: Մեր անվտանգային համակարգը և պաշտպանունակությունը պետք է բարձրացվեն»:
Իսկ կեսկատակ-կեսլուրջ փաշինյանական կամ անդրանիկքոչարյանական վերջին գաղափարը մի տեսակ դեժավյու է առաջացնում, երբ 44-օրյայի ժամանակ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը հրահանգ էր արձակել.
Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:
Թե ինչպես ընթացավ և ավարտվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, լավ ենք հիշում: Բոլորս ենք հիշում:
Թե որքանով է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել սպայի մասնագիտությունը գրավիչ դարձնել՝ բնակարան և բարձր աշխատավարձ տալով, օրեր առաջ, թերևս, լավագույնը հենց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ապացուցեց՝ ասելով. «Սպան գալիս, ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի…»:
Հ.Գ. Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի առաջարկի իրականացման դեպքում պետք է համապատասխան անվտանգային միջավայր ստեղծվի, մշակվի միջոցառումների պլան, հատկապես, երբ այսօր, ավելի քան երբևէ, հայկական կողմի տեղաշարժերը թշնամու թիրախում են կամ տեսադաշտում: Բացի այս, այստեղ նաև գաղտնիության հետ կապված հարցեր կան, քանի որ ցանկացած մեկին հասանելի է դառնում ԶՈՒ հնարավոր խրամատի տեղը, հնարավորությունները և իրականացվելիք խնդիրները: Արդյո՞ք այս ամենը հաշվի է առնվել: